Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

19 հոկ 2023 10:17

Ինչո՞ւ հենց Փաշինյանին գրեց, և ոչ՝ Ալիևին, ժամանակին նրա հետ կարծես բավականին մեղրաշաքարային հարաբերությունների մեջ էր․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ուրեմն, երեկ պարզվեց, որ Միխեիլ Սահակաշվիլին «բաց նամակ» է գրել... Նիկոլ Փաշինյանին: Չէ՛, սա ամենևին կատակ չէ, ոչ էլ կատակերգական ֆիլմի անվանում: Սա փաստ է: Ավելին՝ գրված, արձանագրված փաստ, որի մասին հրապարակումներով մի պահ ողողվեց լրահոսը: Եվ այսպես, կրկնենք. այժմ վրացական բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «բաց նամակ» է հղել ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին: Սահակաշվիլին մի շարք «արժեքավոր» խորհուրդներ է տալիս Նիկոլ Փաշինյանին:


Մասնավորապես, խորհուրդ է տալիս գործնականում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից, փոխարենը՝ դիմել ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով: Դե, Սահակաշվիլին այլ խորհուրդ տալ չէր կարող: Ու խնդիրը նույնիսկ այն չէ՝ լավ խորհուրդ է տալիս, թե վատ: Հարցն այս պարագայում նույնիսկ այն էլ չէ, թե հատկապես ի՛նչ խորհուրդներ է տալիս իր յուրօրինակ «նմանակին» Միխեիլ Սահակաշվիլին: Հարցն այն է, թե ով է, էլի, խորհուրդներ տալիս (ու նաև՝ որտեղ գտնվելով): Ի դեպ, «նմանակների» առումով ընթացիկ ամիսը, կարելի է ասել, «բարեբեր» էր Փաշինյանի համար: Ամսվա սկզբին՝ հոկտեմբերի 5-ին, նա Գրանադայում տեղի ունեցած եվրոպական ֆորումի միջանցքներում հանդիպեց Ուկրաինայի նախագահ Զելենսկուն: Իսկ ամսվա կեսից քիչ անց էլ՝ Սահակաշվիլուց «բաց նամակ» ստացավ:


Այս պարագայում, առհասարակ, շատ ավելի հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ է Սահակաշվիլին խաղաղության, կոմունիկացիաների, ինտեգրումների վերաբերյալ «խորհուրդներով» դիմում հենց Փաշինյանին: Ինչո՞ւ, օրինակի համար, Սահակաշվիլին մի նամակ էլ չի գրում Ալիևին: Վերջին հաշվով, ժամանակին նրա հետ կարծես բավականին մեղրաշաքարային հարաբերությունների մեջ էր: Ինչո՞ւ է հենց Փաշինյանին դիմում: Ի՞նչ է, «արյո՞ւնն է քաշում», թե՞ «տեսակային ընդհանրություն» կա: Չնայած, Սահակաշվիլին, որպես աղետաբեր, պետք է դեռ վագոններով հացուպանիր ուտի՝ Փաշինյանին հասնելու համար: Մյուս կողմից՝ դժվար չէ ենթադրել, որ Սահակաշվիլին պարզապես «պարտք» է վերադարձնում: Բանն այն է, որ Սահակաշվիլու՝ 2008-ին հրահրած պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, «մարտի 1-ի» գործով հետախուզման և փախուստի մեջ էր, մի նամականման բան էր գրել Սահակաշվիլուն:


Ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, թե Սահակաշվիլին լավ կանի՝ հրաժարական տա: Հիմա Սահակաշվիլին, Նիկոլին «վճարում» է նույն դրամով: Կամ էլ, «դուխ է տալիս», որպեսզի Նիկոլ Փաշինյանը ավելի ոգևորված շարժվի Ռուսաստանի դեմ: Ինչից, անկասկած, կօգտվի և օգտվում է Ալիևը: Հա, մեկ էլ մի հարց, որ օդում կախված է մնում: ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու ու ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խորհուրդ տվողը ոնց որ թե ժամանակին այդ ճանապարհով էր գնում: Այդպես, մի տասը տարի: Հիմա հարցը՝ իսկ ո՞ւր է Վրաստանի անդամակցությունը այդ կառույցներին...


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 19․ 10․ 23 թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր