Կամո, իմացիր, ինձ սպանելու են...Այն, ինչը նա խնամքով ինձնից թաքցնում էր, Մոսկվայում ասել էր եղբորը».

Ես զարմացած էի, որ Կարենը տանը խոսում է Անվտանգության խորհրդի նիստի` պետական կարեւորագույն հարցերի մասին: Անվտանգության խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոսկվայից Կարենի վերադառնալուց հետո, հոկտեմբերի 23-ին, շաբաթ օրը, Անվտանգության խորհրդի ութ անդամներից հինգը համաձայնել էին պլանի հետ, Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը դեմ էին, մեկը` ձեռնպահ:
Ըստ մեր վարորդի պատմածի` Կարենը եւ Վազգենը նիստից դուրս եկան հուզված եւ փոխված: Վազգենը` քաթանի նման գունատ, մոտեցավ իր մեքենային, նստեց եւ քշեց կատաղի արագությամբ: Կարենը, ընդհակառակը, կարմրատակած, ըստ երեւույթին՝ բարձր ճնշման հետեւանքով, նստեց մեքենան եւ վարորդին ասաց քշել Աշտարակ:
Նա, երբ առանձնապես վատ էր լինում, հնարավորության դեպքում գնում էր դեպի բնություն, որպեսզի հանգստանա, հավասարակշռությունը վերականգնի: Անվտանգության խորհրդի առաջին նիստից անմիջապես հետո Կարենի տրամադրությունը կտրուկ փոխվեց: Տանը նա կարծես ուրիշ էր. պարփակվեց իր մեջ, դարձավ լռակյաց, կատակներ չէր անում, շատ անհանգիստ էր քնում, նույնիսկ սիրելի թոռնիկների հետ համարյա չէր շփվում: Այդպիսի վիճակում էլ մեկնեց Մոսկվա:
— Կամո, իմացիր, ինձ սպանելու են:
Այդ նույնը նա ասել է իրեն ուղեկցող Հրաչիկ Կարապետյանին: Նրա համառ խորհուրդներին` թիկնապահներ վերցնել իր հետ, Կարենը պատասխանել է.
-Եթե որոշեն սպանել, ապա ոչ մի թիկնազոր չի օգնի: Եվ հետո, ինձ, միեւնույնն է, սպանելու են…»