Չափազանց կասկածելի է թվում, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել է կոչել «Արևմտյան Ադրբեջան»

Փաշինյանը նշեց՝ Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են ամենատարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար։
Վարչապետը դրա օբյեկտիվ պատճառներն էլ նշեց՝ «երկարամյա հակամարտությունը պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերի մեջ շատ դժվար է նայել, տասնյակ գերիները, որոնց ընտանիքի անդամների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներ գերիշխող ատելության մթնոլորտը և կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ, ընդ որում ինչ ասում եմ, այս կամ այն պահով վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»։
Շեշտելով, որ Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել արդեն համաձայնեցված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին՝ Փաշինյանը նշեց՝ դա խորացնում է անվստահության մթնոլորտը։
«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»։