Փարիզն ու Վաշինգտոնը սկսել են սիրաշահել Երևանին, փորձում են խաղալ հայերի զգացմունքների վրա

Հիմա Արևմուտքը հմտորեն է խաղարկում Ղարաբաղում պարտվելու հայերի դժգոհությունները։ Եթե հայկական բանակում բարեփոխումները հաջող իրականացվեն, ապա Արևմուտքը կարող է Երևանին մղել Ադրբեջանի հետ նոր պատերազմի՝ խոստանալով աջակցել նրան արտաքին քաղաքականության և տնտեսական ազդեցության գործիքների օգնությամբ։
Իհարկե, այսօր հայկական զինված ուժերը պարտված ու բարոյալքված են և ինչ-որ չափով իրենց ծանր վիճակով նման են 1990-ականների վրացական բանակին։
Հետո՝ 2003 թվականից սկսած, վրացի բարեփոխիչ Միխեիլ Սաակաշվիլիի գործարկած նորամուծությունները արմատապես փոխեցին Վրաստանի պետական կառուցվածքը։ Շատ կարճ ժամանակահատվածում՝ 5 տարում, զգույշ աշխատանքի և ամերիկյան փողի ներարկումներով վրացական բանակը վերածվեց մարտունակ ուժի՝ պատրաստված և հագեցված ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխան։ 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ Վրաստանը հստակ օրինակով ցույց տվեց, թե ինչի են ընդունակ ՆԱՏՕ-ի տիպի բանակային ստորաբաժանումները։ Չնայած պետք է խոստովանել, որ Վրաստանը չկարողացավ վերականգնել վերահսկողությունը չճանաչված հանրապետությունների նկատմամբ, սակայն դա ՆԱՏՕ-ի տիպի բանակի և ռուսական զորքերի բախման առաջին փորձն էր նախկին ԽՍՀՄ տարածքում։
Իհարկե, նույնիսկ 5-7 տարի արևմտյան սուբսիդիաների միջոցով բանակը հզորացնելուց հետո էլ Հայաստանը չի հասնի Ադրբեջանի ռազմական ներուժին։ Սակայն արևմտյան զենքի առատաձեռն մատակարարումները և բարեփոխումների համար միջոցների հոսքը կարող են գայթակղություն դառնալ Երևանի իշխող շրջանակների համար՝ նոր հակամարտություն սկսել Բաքվի հետ: Չմոռանանք նաև արևմտյան երկրներում հայկական լոբբիի ազդեցության մասին, որն ամեն կերպ կնպաստի համագործակցության պատրվակով Հայաստանին ֆինանսների և զենքի հատկացմանը։ Հավանաբար առաջիկա 5 տարվա ընթացքում ռուսական ռազմակայանները դուրս կբերվեն Հայաստանի տարածքից, և դրանց տեղերը կզբաղեցնեն արևմտյան ռազմական ուսումնական կենտրոնները։