Այսօր Ռուսաստանը հարվածել է գրեթե ամեն ինչով, ինչ ունի իր զինանոցում

Ուկրաինայի նախագահը խոստացել է, որ Ուկրաինայի զինված ուժերն «անպայման կպատասխանեն։ «Ծննդատուն, ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոն, բարձրահարկ շենքեր և առանձնատներ, առևտրային պահեստ, ավտոկայանատեղի։ Կիեւ, Լվով, Օդեսա, Դնեպր, Խարկով, Զապորոժի եւ այլ քաղաքներ․ այսօր Ռուսաստանը հարվածել է գրեթե ամեն ինչով, ինչ ունի իր զինանոցում՝ С-300, թեւավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր։ Մոտ 110 հրթիռ է արձակվել, մեծ մասը խոցվել է։
Ցավոք, գնդակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով և անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում մարդկանց։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինում տուժածներին:
Մենք անպայման կպատասխանենք ահաբեկիչների հարվածներին։ Եվ մենք պայքարելու ենք, որպեսզի ապահովենք մեր երկրի, յուրաքանչյուր քաղաքի, մեր ողջ ժողովրդի անվտանգությունը։ Ռուսական ահաբեկչությունը պետք է պարտվի, և այդպես կլինի»,- գրել է Զելենսկին։
Դեկտեմբերի 29-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանի զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի քաղաքներին՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվելով կրիտիկական և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ արդյունքում վնասվել են բնակելի տներ և հասարակական հաստատություններ Կիևում, Խարկովում, Դնեպրում, Լվովում, Օդեսայում, Զապորոժիեում, Կոնոտոպում: Նախնական տվյալներով՝ զոհվել են մեկ տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ, մոտ 100-ը՝ վիրավորվել ։