Զախարովան պատասխանել է «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հայտարարությանը
Ռուսաստանը Հայաստանից չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ հարցում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք սա համարում ենք պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից ոչ բարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ։ Ճիշտ է, այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար։ Այս առնչությամբ Հայաստանի իշխանություններից ոչ մի հարցում չենք ստացել»,- ասաց նա:
Զախարովան նշել է, որ «Զվարթնոցի» հետ կապված պատմությունը բխում է «ռուսաստանցի Դմիտրի Սետրակովի շուրջ ավելի վաղ հնչեցրած ակնարկներից»։
«Կարող եմ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություններ չեն կատարվել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենքները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն աշխատանքը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։