Բացահայտվել է կաշառքի դիմաց զորակոչիկին զինվորական ծառայությունից ազատելու հերթական դեպքը

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար ձևավորված Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Հ. Շ.-ն Մ. Մ.-ի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ակնաբուժական կլինիկայում հետազոտություն անցնող զորակոչիկ Գ. Մ.-ի հետ՝ վերջինիս պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցի լուծման համար 6000-ից 6500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու շուրջ:
2023 թվականի նոյեմբերին, պայմանավորվածության համաձայն, զորակոչիկ Գ. Մ.-ն և նրա մտերիմ անձը 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել են Մ. Մ.-ին, ով նշված գումարից 4000 ԱՄՆ դոլարը տվել է Հ. Շ.-ին, իսկ մնացածը տնօրինել անձամբ:
Արդյունքում՝ զորակոչիկից կաշառք ստացած պաշտոնատար անձ Հ. Շ.-ն 2023 թվականի նոյեմբերի 15-ին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում որպես ակնաբույժ մասնակցել է զորակոչիկի հետազոտմանը, որի արդյունքներով կազմված եզրակացությամբ Գ. Մ.-ն ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ևս երեք զորակոչիկների զինվորական ծառայությունից ազատելու հարցը լուծելու նպատակով կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է տարբեր չափերի դրամական միջոցներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ Մ. Մ.-ն, իրականում նպատակ չունենալով նշված զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից ստացել է ընդհանուր 4000 ԱՄՆ դոլար և 1.100.000 ՀՀ դրամ։
Արդյունքում՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից նշված զորակոչիկներն ազատվել են պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից:
Վերը նշված հանցավոր արարքների համար Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Մ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով /3 դրվագ/, իսկ Գ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Հ. Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: