Մասիս քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ և զոհ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 20։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Նուբարաշենից Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ Ս․ Ա․, ծնված 1967 թ․) և «Opel» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1994 թ․) մակնիշի ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է. Մ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս․ Ա․-ին, մեկ ուղևորի, մյուս ուղևորի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենաներից մեկի գազի բալոնի փականը: