Դեռ կունենանք արևոտ օրեր, մի մոռացեք, մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ          Տեսանյութ.Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազան       Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը    

20 սեպ 2024 12:56

Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում. «Հետք»

Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցումԵրևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի փողոցի ամբողջ երկայնքով ակտիվ շինարարություն է։ Փողոցի տարբեր հատվածներում այս պահին մի շարք շենքեր են կառուցում, կառուցապատողներից մեկն էլ ոչ այլ ոք է, քան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։ Նա Դրոյի 36 հասցեում հասարակական նշանակության 7-հարկանի շինություն է կառուցում։  Գրել է «Հետքը»։

Տարածքը և դրա վրա առկա անշարժ գույքը Արտակ Հովակիմյանը ձեռք է բերել 2021 թվականի մայիսին։ Նախկինում այնտեղ եղել է ոսկերչական իրերի արտադրամաս, սակայն վերջին տարիներին շենքը չի շահագործվել։ Yandex Maps-ում պահպանված լուսանկարներից երևում է, որ 2016 թվականին այստեղ եղել է եռահարկ շինություն, իսկ ներկայում Քանաքեռ-Զեյթունի թաղապետը ևս 4 հարկ է ավելացնում:

Շենքը՝ 2016 թվականին

Անշարժ գույքը Արտակ Հովակիմյանը գնել է Հակոպ Երմագյանից՝ մոտ 140 մլն դրամի վարկային միջոցներով, որն արտացոլված է նաև Արտակ Հովակիմյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերում։

Տարածքում հասարակական նշանակության շինության վերակառուցման և ընդլայնման նախագծման թույլտվությունը Արտակ Հովակիմյանը ստացել է 2021թ․ օգոստոսի 18-ին, իսկ 2022-ի ապրիլի 8-ին ստացել է շինարարական թույլտվություն։ 

Արտակ Հովակիմյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022թ․ հուլիսի 21-ին՝ այն ժամանկվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ։ Նշանակումից հետո Հովակիմյանն անդամակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Երևանի ավագանու 2023թ․ ընտրություններից հետո, նույն տարվա նոյեմբերի 1-ին քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հովակիմյանը վերանշանակվել է թաղապետի պաշտոնում։

Արդեն 2023թ․ սեպտեմբերի 7-ին Արտակ Հովակիմյանը նախագծման նոր թույլտվություն է ստացել՝ նախագծում փոփոխություններ կատարելու համար, իսկ դրանից մոտ 3 ամիս անց՝ նոյեմբերի 27-ին, ստացել է նոր շինարարական թույլտվություն՝ 12 ամիս ժամկետով, այսինքն՝ շինարարական աշխատանքների ավարտին, ըստ Հովակիմյանին տրված շինարարական թույլտվության, մնացել է մոտ երկու ամիս։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Բիգ էներգո» ՍՊԸ-ն, որտեղ, ըստ Հովակիմյանի պաշտոնական կենսագրության, նա 2008-2016 և 2018-2022 թվականներին զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը։ Այդ ընկերության սեփականատերը Արտակ Հովակիմյանի աներորդին է՝ Ամասիա Սեդրակյանը։

Շենքը՝ 2024թ․ սեպտեմբերի 17-ին

«Հետքի» հետ զրույցում Արտակ Հովակիմյանը նշեց, որ իր զբաղեցրած պաշտոնն իր համար որևէ արտոնյալ պայման չի ստեղծում շինարարություն իրականացնելու համար, քանի որ նախագծման և շինարարական թույլտվություն ստացել է նախքան վարչական շրջանի ղեկավար նշանակվելը։ Մեր դիտարկմանը, թե գործող շինթույլտվությունը ստացել է 2023 թվականի նոյեմբերին, երբ արդեն մոտ մեկուկես տարի զբաղեցնում էր Քանաքեռ-Զեյթունի թաղապետի պաշտոնը, Հովակիմյանը նշեց հետևյալը․

«2023-ին հին շինթույլտվության հիման վրա նախագծի փոփոխություն է եղել։ Հին շինթույլտվությունը, եթե չեմ սխալվում, ստացել եմ 2021 թվականին (իրականում՝ 2022-ին, խմբ․), դրանից հետո, երբ որ սկսել ենք շինարարությունը, ում որ պատվիրել եմ, շինարարության ընթացքում դիմել ենք քաղաքապետարան, օրինական փոփոխություն ենք ստացել։ Շենքն էլ բանկով եմ ձեռք բերել ու էդ ժամանակ նույնիսկ չեմ էլ մտածել վարչական շրջանի ղեկավար նշանակվելու մասին»։

Հովակիմյանը հավելեց, թե վարչական շրջանի ղեկավար դառնալուց հետո իր ունեցվածքը չի ավելացել, ընդհակառակը՝ ավելացել են միայն բարեկարգ այգիները։ Քանաքեռ-Զեյթունի թաղապետը չցանկացավ հայտնել, թե կոնկրետ ինչ նպատակով է շահագործվելու շենքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր