Պղնձի և մոլիբդենի պահանջարկն աշխարհում աճում է. Հայաստանում անցկացվեց «Mining Armenia Forum»-ը

Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից։
Հայաստանի Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն իր խոսքում նշեց, որ ըստ կանխատեսումների՝ աշխարհում պղնձի պահանջարկը մինչեւ 2035 թվականը գրեթե կրկնակի աճելու է և, որ մոտակա մի քանի տասնամյակում սպասվում են պղնձի բարձր գներ եւ մեծ հնարավորություններ պղինձ արտադրողների համար։ Մոլիբդենի պահանջարկն էլ առաջիկա տարիներին, ըստ տարբեր կանխատեսումների, աճելու է 2-4 անգամ։
«Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ում ունի 2-5 տոկոս ներդրում։ Բայց սա միայն ոլորտի մասնաբաժինն է, իսկ մենք բոլորս գիտենք մեր ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին։ Եթե անուղղակի ազդեցությունն էլ ենք գումարում, ըստ տարբեր հետազոտությունների, Հայաստանի ՀՆԱ-ի մինչեւ 11-12 տոկոսը ստեղծվում է այս ոլորտում։ Հայաստանում հարկերի 5-11 տոկոսը հավաքագրվում է մեր ոլորտի կազմակերպություններից»,-ասաց Վարդան Ջհանյանը։