Վերջին երեք տարիների ընթացքում ստվերային տնտեսությունը նվազել է
Վերջին երեք տարիների ընթացքում ստվերային տնտեսությունը նվազել է։ Մեր գնահատականներով՝ 2022թ․ հիմնական հարկատեսակների գծով՝ ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, եկամտային հարկը, ճեղքը կազմել է ՀՆԱ-ի 3,06 տոկոսն, ինչը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 0,5 տոկոսային կետով։ Ընդ որում, 2023թ հարկեր-հնա հարաբերակցությունը՝ 21,1 տոկոսը՝ նախորդ տարվա համեմատ բարելավվել է 1 տոկոսային կետով։ Այստեղ դրույքաչափերի բարձրացում չունենք։ Այսինքն՝ մեր բոլոր բարելավումները տեղի են ունենում տնտեսության գործոնների դրական ազդեցության և վարչարարության բարելավման արդյունքում։ Այս մասին ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ հարկեր-հնա ցուցանիշը 2025թ արդյունքներով կկազմի 25 տոկոս, այսինքն՝ կառավարության ծրագրով սահմանված թիրախին կհասնեն։
Նա հայտնեց, որ ստվերային տնտեսությունն առավել վառ արտահայտված է մի շարք ոլորտներում՝ չմանրամասնելով դրանք:
«Մեր ուղիղ պարտականությունն է խնդիրներ լուծել ոչ միայն ֆիսկալ առումով: Եթե մենք մեր վարչարարությունը չիրականացնենք բոլոր ոլորտներում և ակտիվ չպայքարենք ստվերի դեմ, դա տարբեր շուկաներում կխաթարի մրցակցությունը: Մենք տարբեր խնդիրներ ունենք, այդ թվում՝ կառավարության ծրագրով սահմանված ցուցանիշներին հասնելը»,-ասաց նա։