Այն տեսլականը, որ նկարագրված է Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում ՀՀ անկախ պետությունը
Լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը անդրադառնալով Անկախության հռչակագրի վերաբերյալ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությանը նշեց, որ խոսքն Անկախության հռչակագրի բովանդակության մասին է եղել և այն շեշտադրումների, որոնք կան այդ փաստթղթում:
«Իհարկե, այդ փաստաթուղթը, որ ընդունվել է 1990 թվականին, երբ որ անկախ Հայաստանը չկար, բայց այն տեսլականը, որը նկարագրված է Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը։ Ուստի կիսում եմ այդ մոտեցումը և նաև այս կոնտեքստում, դրա իրավական գնահատականի տեսանկյունից կարևոր էր սեպտեմբերի 26-ի Սահմանադրական դատարանի որոշումը»,-ասաց նա:
Լրագրողի հարցին՝ ինչու են հիմա բարձր մակարդակով նման հայտարարություններ արվում, արդյոք Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում Անկախության հռչակագրի վերաբերյալ:
«Բյուջեի քննարկման ընթացքում խոսակցությունը բացառապես ներհայաստանյան է եղել, խոսակցությունն իրական Հայաստանի գաղափարի շուրջ է եղել, ու ես չեմ հասկանում այդ ենթադրությունը, որ որևէ ներհայաստանյան խոսույթ Հայաստանի հանրության հետ, Հայաստանի կառավարության խոսակցությունը պետք է ինչ-որ տեղից պարտադրված լինի»,- ասաց Խանդանյանը: