ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․ Հրապարակ          Նույն հողամասը 2022 թվականի հայտարարագրով ձեռք է բերվել 2014-ին, 2023 թվականի հայտարարագրով` նվիրատվություն է 2016 թվականից. Ժողովուրդ       «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. թվեր. «Ժողովուրդ»    

17 ապր 2025 12:54

Ավագ Հինգշաբթի՝ Խորհրդավոր ընթրիք, Սուրբ Հաղորդության խորհուրդ

Ավագ Հինգշաբթի՝ Խորհրդավոր ընթրիք, Սուրբ Հաղորդության խորհուրդԱյսօր Ավագ Հինգշաբթի է, երբ Տեր Հիսուս Քրիստոս գալիս է Վերնատուն, աշակերտներին հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը և լվանում է նրանց ոտքերը։ Ի հիշատակ Հաղորդության խորհրդի հաստատման՝ Ավագ Հինգշաբթի առավոտյան մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ։
 
Զատկից առաջ՝ Բաղարջակերաց տոնին, Հիսուս առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը: Դա Հիսուսի Վերջին ընթրիքն էր խաչելությունից առաջ և հայտնի է Խորհրդավոր ընթրիք անունով: Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս վերցնում է հացը, օրհնում և կիսելով տալիս աշակերտներին՝ ասելով. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը»: Այնուհետև գինու բաժակն է տալիս՝ ասելով. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար»: Սբ. Պատարագի ժամանակ, ինչպես Խորհրդավոր ընթրիքին, հացն ու գինին սրբագործվում և վերածվում են Տիրոջ Մարմնի և Արյան: Հաղորդությունը Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդ դառնալու խորհուրդն ունի: 
 
Օրվա հաջորդ ծիսակարգը Ոտնլվան է։ Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջեւ ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. 13; 5), հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: «Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որով- հետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք» (Հովհ. 3;1-20):
 
Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո:

Խավարման արարողության սկզբում վարագույրով ծածկված խորանի կենտրոնում դրվում են տասներկու մեծ մոմեր և մեկ մեծ մոմ կենտրոնում: Տասներկու մոմերը խորհրդանշում են Քրիստոսի տասներկու աշակերտներին, իսկ կենտրոնի մոմը՝ Հիսուս Քրիստոսին: Մոմերից տասնմեկը սպիտակ են ու վառված, տասներկուրորդը՝ սև և անվառ, որը խորհրդանշում է մատնիչ Հուդային: Արարողության մասնակիցները ունկնդրում են Ավետարանից յոթ ընթերցումներ, որոնք բովանդակում են Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը: Առաջին ընթերցումից հետո եկեղեցականներից մեկը մարում է միայն ձախ կողմի առաջին մոմը, իսկ զուգահեռ մյուս՝ Հուդայի սև մոմն անվառ է: Մյուս ընթերցումներից հետո հաջորդական կերպով մարում են մոմերը ձախ և աջ կողմերից: Վերջին ընթերցվածի ավարտին եկեղեցին մնում է մթության մեջ, մարում են եկեղեցու բոլոր լույսերը: Միայն Հիսուսին խորհրդանշող մոմն է շարունակվում վառվել: Այս արարողությունը խորհրդանշում է աշակերտների կողմից Տիրոջ լքելը և քահանայապետերի և դպիրների ձեռքը մատնվելը: Մթության մեջ հնչում է զղջման ու ապաշխարության «Տեր ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին: Երգից հետո քարոզ է ասվում, որին հաջորդում է «Փառք ի բարձունս»-ը, այնուհետև լույսերը վառվում են: Եկեղեցին լուսավորելը խորհրդանշում է, որ մեր Տիրոջ չարչարանքներն ու խաչելությունն մեր փրկության և լուսավորության համար էին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր