Տեսանյութ․ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանը կատարեց Ոտնլվայի կարգ
Արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Սրբազան հայրն օրհնեց Խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Ապա շարականների երգեցողության ներքո, Միածին Որդու օրինակով լվաց և յուղով օծեց 12 զինվորների ոտքերը:
Սրբազան հայրն օրհնեց նաև Երուսաղեմից բերված խաչերը, որոնք արարողության ավարտին ընծայվեցին զինվորներին։
Աստծո սերն ու շնորհները մաղթելով ամենքին՝ Սրբազան հայրն իր օրհնությունը փոխանցեց զինվորականներին և ներկաներին։
«Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Ոտնլվայի արարողության գլխավոր խորհուրդն ու պատգամը խոնարհությունն է։ Տերը խոնարհվեց երկնքից երկիր մարդկանց մեղքերը քավելու և մաքրելու համար։ Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա։ Եվ այս խոնարհության խորհուրդը, որ մեր Տերը մեզ պատգամեց, աստվածային գերագույն սիրո դրսևորումն է:
Տիրոջ այս օրինակը ունի մեկ գլխավոր պատգամ՝ «Սիրեցէ՛ք զմիմեանս»։ Եթե դուք դա չանեք, ուրեմն Աստծուն չեք սիրում։ Քրիստոսի պատգամն ուղղակի այդ թելադրություն է հատկապես ձեզ՝ հայոց բանակի արծիվնե՛ր։ Դուք առավել քան այլ ոք, պարտավոր եք սիրել իրար, քանզի մեկդ մյուսի կյանքը պաշտպանողն եք։ Ձեզ համար իրար սիրելը առավելագույն հրամայական է։ Դա ձեր ու բոլորիս անվտանգության գրավականն է:
Տիրոջ օրինակը բոլորին է վերաբերվում։ Այս եկեղեցին Աստծո տունն է, և այստեղ Աստծո խոսքն է քարոզվում։ Եվ մենք աղոթում ենք՝ հայացքներս դեպի արևելք ուղղած, որտեղից ծագելու է Քրիստոսի Հրաշափառ Հարության Ավետիսը։ Բայց այս օրերին մենք դեռ պիտի անցնենք Նրա չարչարանքների միջով։ Քրիստոսին դեռ պիտի մատնեն, դատեն, խաչեն, թաղեն․․․ Միասին դեռ այս բոլոր ապրումների միջով պիտի անցնենք, և եթե սիրենք իրար, Հիսուսի բաժնեկիցը կլինենք Սուրբ Հարության տոնին։
Շնորհքը, սերը և խաղաղութիւնը եղիցի ընդ ձեզ և ընդ ամենեսեանդ։ Ամէն»:
Արարողության ավարտին Սրբազան հայրը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին։