Վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ, մայրը մահացել է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը՝ ոստիկաններն ու պարեկները Հաղթանակ 28 տան դիմաց հայտնաբերել են իրար բախված «BMW» մակնիշի «68 MM 100» և «BMW X5» մակնիշի «88 ABV 883» համարանիշի ավտոմեքենաներ։
Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, Երևանի 103 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից կինը գիտակցության չգալով շտապօգնության ավտոմեքենայում մահացել է, իսկ 2 տարեկան տղա երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով «BMW X5»-ը եղել է կայանված, կապ չի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքի հետ, իսկ մյուս «BMW»-ի վարորդը դեպքի վայրը լքել է։
Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են վնասված հետքեր և կան տեղեկություններ, որ այդ «Նիվան», որի համարանիշները փոխված են, վրան դրված է այլ համարանիշ, մասնակցություն է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքին։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։