Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր

Նա մասնավորապես նշել է, որ կնքահոր դերը կայանում է նրանում, եթե մկրտվողը անչափահաս է՝ կնքահայրը անչափահասի փոխարեն սուրբ եկեղեցու, սուրբ օծհալի առաջ կանգնած պիտի վկայի ուղղափառ իր հավատքի մասին, իր՝ եկեղեցու մաս, եկեղեցու անդամ ու զավակ լինելու մասին, պիտի վկայի ուղիղ ճշմարիտ դավանությամբ իր քրիստոնյա լինելը և իր ապագա սանիկի՝ հոգևոր զավակի՝ այդ դավանությամբ դաստիարակության մասին։ «Պիտի խոստովանի՝ ստանձնելով իր ապագա սանիկի հոգու փրկությունը, ասել կուզե՝ նրա հոգևոր դաստիարակությունը։ Այսինքն, անչափահասի հոգևոր ընթացքի պատասխանատուն իր կնքահայրն է։ Սա է կնքահոգու դերը, միայն լինելու հոգևոր ծնող, հոգևոր դաստիարակ, հոգևոր օրինակ և հոգու փրկության պատասխանատու»։
Նա նշել է, որ չգիտի, թե կնքահայրերից քանիսն են այս մտքով գալիս եկեղեցին և հանուն ճշմարտության պետք է նշել, որ շատ հաճախ գուցե մենք էլ շատ չենք քննում նրա ճշմարիտ քրիստոնյա լինելու հանգամանքը՝ խոնարհաբար մտածելով, որ մենք չէ, որ պիտի դատենք, բայց պետք է մենք չէ, որ պիտի քննենք։ «Բայց ես գտնում եմ և այսօրվա մեր իրականությունը ցույց է տալիս, որ և անշուշտ, եթե հիշելու լինենք Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի շրջաբերականը, այո, մենք պիտի քննենք, որովհետև Առաքյալները, երբ պիտի մկրտեին մեկին, հարցնում էին. «Դու ճշմարիտ դավանություն ունե՞ս հավատքի։ Դու ընդունու՞մ ես այս կամ այն իրողությունները»։ Այնպես, որ այո, ես կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մի կանոն ունենանք, որի համաձայն մենք կորոշենք՝ տվյալ անձնավորությունը, որքան էլ որ կասի ես հայ եկեղեցու զավակ եմ, անուններ չեմ ուզում տալ նման զավակների ոչ բարով, որոնք քանդում են մեր տունը, անկախ նրանից, որ ինքը կվկայի որ ինքը քրիստոնյա է՝ դեռ պետք է ճշտել, ով դու քրիստոնյա, դու նիկիական հավատամքը գիտե՞ս։ Դու գիտե՞ս, որ Հիսուս երկրորդ անգամ պիտի գա։
Այն, ինչ ես հարցնում եմ, հարցնում եմ իմ քահանական փորձառությունից, որոնք զարմանք են առաջացրել կնքահոր մեջ, ո՞նց, ինչի՞ Հիսուս էլի պիտի գա։ Հետևապես, արդյո՞ք ես չունեմ բարոյական իրավունք այդ կնքահորն ասելու՝ քեզ որոշ ժամանակ է պետք պատրաստվելու կնքահայրության, քեզ ժամանակ է պետք դառնալու քրիստոնյա, ո՛չ անունով, ո՛չ շուրթով, այլ գիտելիքով, կյանքով ու կեցվածքով, նոր ստանձնելու պատիվ կնքահայրության, ստանձնելու պատասխանատվություն որևէ մեկ այլ անձի հոգու փրկության»։
Անդրադառնալով նախօրեին եկեղեցում տեղի ունեցած միջադեպին՝ քահանան հայտնել է, որ պատահաբար է ճանաչել ՔՊ պատգամավորին, նրա արտահայտությունները ուղղված Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված խոսքերը դաջվել են իր մտքում։
«Հանկարծ տեսնում եմ, որ այդ անձնավորությունը, ով իմ Վեհափառին անվանում է ավազանի անունով, ով ասում է, որ նրան պետք է Վեհարանից դուրս շպրտել, այդ անձնավորությունը եկել էր և ուզում էր կնքահարության պատվին արժանանալ։
Նշեմ, որ ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր։ Ես առաջարկեցի սիրով կնքել այդ բալիկին արժանացնել սուրբ մեռոնով օծման, կատարել քարասունքի կարգը, բայց մեկ պայմանով, եթե կնքահայրը կլինի, գոնե հարգալից պատկառանքով լցված մի անձնավորություն, ով ընդունում է Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական կարգը, ով ընդունում է, որ ես իմ մեղքերով բազում մեղքերով հանդերձ ունեմ այդ իշխանությունը։ Արժանավորապրես, թե անարժանաբար՝ Տերը պիտի դատի, բայց ես ունեմ այդ իշխանությունը, Առաքյալներից մինչ ինձ հասած իշխանությունը մկրտելու, կնքելու, հաղորդություն տալու, օրհնելու և այսպես շարունակ»,-ասել է Սեբեոս քահանա Ղալաչյանը։
Նա նշեց, որ դրանից հետո միջադեպ է տեղի ունեցել «Այդ պատգամավորը բազում անգամներ կրկնեց, որ իմ հայրապետին, թող ների ինձ իմ Վեհափառ հայրապետը, ու թող ներեն ինձ բոլոր նրանք, ովքեր կլսեն դա, անընդհատ կրկնում էր, հնչեցնելով Վեհափառի ավազանի անունը՝ նա ինձ խոստացավ, որ այդ Վեհափառին պարանոցից բռնած Վեհարանից պիտի դուրս շպրտի։ Եվ հիմա թող մեզ լսողներն ինձ կամ իրենք՝ իրենց պատասխան տան. ես արդյո՞ք ունեի իրավունք թույլ տալու, որ նա դառնար կնքահայր»: