Փաշինյանը գտել է նախընտրական կարգախոսը․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը երեկվա ուղերձով, ըստ էության, տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը եւ ուրվագծեց իրենց կարգախոսը, որով թմբկահարելու են «խաղաղություն» բառը։ Փաշինյանը փորձելու է իրեն ու իր թիմին ներկայացնել որպես խաղաղության մունետիկներ, իսկ իրենց քննադատողներին մեղադրելու է պատերազմ հրահրելու մեջ։
Իրականում, սակայն, ցանկացած բանական մարդու համար, ոչ թե Փաշինյանի էլեկտորատի, պարզ է, որ ստորագրված համաձայնությունները, ինչը Փաշինյանը հրամցնում է իբրեւ խաղաղություն, իրականում Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթն է, որը սահմանափակելու է անգամ արցախյան մարտում ընկածների հերոսությունների մասին խոսելը, քանի որ դա միակողմանի զիջումների մասին պայմանավորվածությունների շղթա է, այն կնքվելուց հետո Ադրբեջանն է որոշելու՝ Հայաստանում ով ինչի մասին կարող է խոսել, ինչի մասին՝ ոչ։
Ասենք՝ հերոսի մասին գուցե չկարողանանք ասել, որ ընկել է հանուն Արցախի, Ադրբեջանը դա կարող է դիտարկել իբրեւ անջատողականություն, բռնի ծայրահեղականություն եւ այլն, մինչդեռ, խաղաղության նախաստորագրված պայմանագրի 9-րդ կետով՝ կողմերը դատապարտելու եւ պայքարելու են նման դրսեւորումների դեմ։
Պատահական չէ, որ Փաշինյանն ուղերձում ասում է․ «Մեր նահատակներին խնկարկելու եւ սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձեւն անգամ պիտի կաթիլ-կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի, որովհետեւ խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին»։