Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

01 դեկ 2022 18:30

Այսօր կենսական նշանակություն ունեն Իրանի հետ դաշնակցային հարաբերությունները

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին Hayacq.com-ի հարցազրույցը քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոման Մելիքյանի հետ:
 
-Ռուս-ուկրաինական պատերազմը կարծես խառնել է ողջ աշխարհը: Շատ է խոսվում նաև Երրորդ համաշխարհային պատերազմի մասին: Աշխարհաքաղաքական այս խաղերը մինչև ո՞ւր կարող են հասնել:
 
-1945 թվականին Պոտսդամի կոնֆերանսից հետո, երբ աշխարհի ուժային կենտրոնները սահմանեցին նոր աշխարհակարգ և այն կանոնակարգելու, անվտանգությունն ապահովելու և վտանգները կանխարգելելու համար հիմնեցին Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), թվում էր, թե բոլոր խնդիրները հաղթահարվել են և այլևս որևէ տեսակի սպառնալիքներ և պատերազմներ, աշխարհակործանմանը միտված գործողություններ տեղի չեն ունենա և ընդմիշտ աշխարհը կանցնի մշտական խաղաղության ապահովմանն ու քաղաքական ստրուկտուրալիզմի կանոնների լիարժեք պահպանմանը: 1960-ական թվականներին Կարիբյան ճգնաժամը մի պահ սառը ցնցուղ դարձավ միջազգային հանրության համար և գլոբալ ու խորքային վտանգների տանող հնարավոր միջուկային պատերազմի հետևանքների ներքո  հասունացող սպառնալիքները կարծես թե, ազդանշան դարձան հետագայում աշխարհի ուժակենտրոն գերտերությունների հնարավոր բախման վերաբերյալ:
 
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որոշակի մարեցին սառը պատերազմի անդառնալի թվացող հետագա վտանգներն ու սպառնալիքները, որը, բնականաբար, չէր կարող երկար տևել, քանի որ միաբևեռ աշխարհակարգի մոդելն ընկալելի չէր հզորացող կայսրապաշտական տերությունների, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի և Չինաստանի համար, որոնք դեմ էին և շարունակում են դեմ լինել արևմտականացմանը և արդի գլոբալացմանը: 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին, երբ ՆԱՏՕ-ի սահմաններն ընդլայնվեցին և հասան մինչև ներկայիս Ռուսաստանի սահմաններին, արդեն իսկ շատ փորձագիտական կենտրոններ սկսեցին խոսել գերտերությունների հնարավոր բախման շուրջ, ինչն այսօր անուղղակիորեն տեղի է ունենում։ Ռուսական կողմի համար արևմտյան կողմին մեղադրելու իրական պատճառաբանություն էր հանդիսանում այսպես կոչված, 1989 թվականին ԽՍՀՄ-ԱՄՆ ղեկավարների միջև ՆԱՏՕ-ի սահմանների չընդլայնման շուրջ բանավոր պայմանավորվածությունը, իսկ արևմտյան կողմի համար՝ Ռուսաստանի կողմից նախկին խորհրդային պետությունների՝ իբրև անկախ և սուվերեն պետությունների նկատմամբ  ճնշումներ գործադրելու և ներքին կյանք ներխուժելու մեղադրանքները: Արդյունքում, 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցավ հեղափոխություն և հաստատվեց երկարամյա խորը քաղաքական և ռազմական ճգնաժամ, ինչն էլ ի վերջո, 2022 թվականին չէր կարող չհանգեցնել ռուս-ուկրաինական պատերազմին:
 
Պետք է փաստել, որ այսօր տեղի է ունենում լողացող, բայց իրական պատերազմ դեռևս երկկողմանի՝ երկու պետությունների մասնակցությամբ, որտեղ ուղիղ ներգրավված են ավելի քան 60 պետություն, քանի որ ուղղակի տարատեսակ ռազմաքաղաքական մասնակցություն են ունենում։ Եվ այդ պետությունները ոչ միայն պրոուկրաինական բնույթի մասնակցություն են ունենում՝ օգնելով վերջինիս ռազմական և քաղաքական ռեսուրսներով, այլ նաև մասնակցություն է արձանագրվում նաև պրոռուսական ուղղությամբ՝ նույնակերպ տրամադրելով ռազմաքաղաքական աջակցություն  Ռուսաստանին՝ Բելառուսի, Հյուսիսային Կորեայի, Իրանի, Չինաստանի և այլոց կողմից: Եվ սա ինչ է, եթե ոչ Երրորդ համաշխարհային պատերազմի նախաբան: Իրապես վիճակը կարող է սրվել և դուրս գալ վերահսկումից՝ հասնելով երկու թևերի իրական բախման, թերևս այն դեպքում, եթե տեղի ունա միջուկային կիրառում։ Եվ այս դեպքում կարևոր չէ, թե այն ինչ տեսքով կարող է լինել և ում կողմից՝ միջուկային էներգետիկայի կամ էլ միջուկային զենքի։ Եվ այդ մասին արդեն իսկ եղել են պաշտոնական հայտարարություններ առնվազն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։
 
-Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո ստեղծված այս բարդ իրավիճակում, որո՞նք պետք է լինեն ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
 
-Հայաստանի Հանրապետության իրական սխալները բխում են դեռևս անկախության տարիներից, երբ իրապես չդիվերսիֆիկացվեց վերջինիս արտաքին քաղաքականությունը՝ ամբողջությամբ նվիրվելով Ռուսաստանին և հպատակ լինելով նրա քաղաքականությանն ու կամքին, այլ ոչ թե ազգային շահերին և նպատակներին։ Այն ինչ պետք է առաջնորդվել սեփական շահերից և նպատակներից ելնելով՝ վերստին հիշելով անգլիացի հայտնի քաղաքական և պետական գործիչ, տարբեր տարիներին Մեծ Բրիտանիայի ռազմական և արտաքին գերատեսչությունների նախկին ղեկավար Հենրի Ջոն Թեմփլ Փալմերսթոնի հայտնի խոսքերը․ «Անգլիան չունի ո՛չ մշտական ​​դաշնակիցներ և ո՛չ էլ մշտական ​​թշնամիներ։ Այլ Անգլիան ունի միայն մշտական ​​շահեր»:
 
Եվ չնայած 2000-ականներին ՀՀ իշխանությունը ձևակերպեց նոր օրակարգ, այսպես կոչված՝ կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը, որը ենթադրում էր բազմակողմանի քաղաքական հետագիծ կամ կողմնորոշում կամ փոխլրացման քաղաքականություն, այնուհանդերձ գործնականում հայկական պետությունը շարունակեց մնալ հավատարիմ հռչակած նպատակներին և քաղաքականությանը, հատկապես՝ բանակի, տնտեսության և այլ ինստիտուտների կազմակերպման և զարգացման հարցերում։ Արդյունքում, Փալմերսթոնի խոսքերը դարձան իրականություն, և Ռուսաստանը ցույց տվեց, որ իր ազգային և պետական շահերը կարող են փոխվել։
 
2009 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ հիմնվեց աշխարհի 5 ուժեղ պետությունների մասնակցությամբ ԲՐԻԿՍ կազմակերպությունը, որը հստակ ուներ ձևակերպում և միտված էր արևմտյան ֆինանսական ու տնտեսական դոնոր կազմակերպությունների դեմ և նպատակ ուներ թուլացնել դրանց դերն իր մասնակցությամբ։ Այն ուղիղ կերպով ազդանշան էր արևմուտքին Ռուսաստանի՝ որպես գերտերության և առանձին ուժային կենտրոնի բևեռացման նախադրյալի մասին։ 2013 թվականին, երբ արդեն հստակ երևում էր աշխարհակարգի նոր վերակառուցման հետագա քայլերը և օրեցօր ռուս-արևմտյան փոխհարաբերությունների վաթարացումը, Հայաստանի Հանրապետության համար նոր մարտահրավեր առաջ մղվեց՝ դառնալ ԵԱՏՄ-ի անդամ, ասել է թե, այլ կերպ անհնարին էր դիմակայել ճնշմանը և փորձել առաջնորդվել դիվերսիֆիկացիայի ճանապարհով։
 
Արդյունքում, եղավ 2016 թվականի ադրբեջանական ռազմական ագրեսիան, և դաշնակցային ուժերի կողմից որևէ ուղիղ օգնություն այդպես էլ չցուցաբերվեց, ինչը, կարծես թե, պետք է հուշեր հայկական կողմին այլ ռազմաքաղաքական այլընտրանքներ գտնել, հատկապես՝ Իրանի հետ, և սիներգիզմը որպես իրական առաջնահերթություն սահմանել՝ հռչակելով բանակի հզորացման և ինչու չէ միլիտարիզացիայի քաղաքականության  որդեգրման մասին։
 
Այսօր մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առջև՝ իսպառ որպես պետություն և պետականություն կորցնելու դառը իրողության նախաշեմին, եթե, իհարկե, շարունակենք այն, ինչ կոչված է «իներցիայով առաջնորդվել», այսինքն՝ համակերպվենք ամեն ինչի հետ բազմակողմանի կորուստների և աղետների, անհեռատես և վատ պայմանների առկայությանը։
 
Պետք է իրականում հասկանալ, որ եկել է քաղաքական ռեալիզմի ժամանակները, որն ընդունում է ուժը, ազդեցությունը, ճնշումը, ռեսուրսները, այլ ոչ թե միայն միջազգային իրավունքն ու նորմերը, որոնք իբրև թե պետք է պաշտպանեն մեզ։ Այսինքն՝ այն ամենը, ինչն ադրբեջանական արհեստական պետությունը հռչակեց և իրականացրեց։ Եվ որևէ կերպ պետք չէ կարծել, որ այդ ռեսուրսները հայկական կողմը չունի կամ չի կարող ունենալ։ Սակայն, մինչ այդ, պետք է հասկանալ նաև որն է մեզ համար համարվում ազգային շահ և նպատակ։ Իսկ միջազգային հարաբերություններում շահում են այն պետությունները, որոնք կարողանում են գտնել համախոհներ, որոնց շահերն ու նպատակները համընկնում են։
 
-Արցախի տարածքների օկուպացիայից բացի ադրբեջանական զինուժը ներխուժել է նաև Հայաստանի սուվերեն տարածք: Օրերս Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև, որով կոչ է արվում նաև Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից: Այս առումով ի՞նչ կարող ենք ակնկալել:
 
-Այո, տարբեր գնահատականների համաձայն, այսօր ադրբեջանական զինուժը զավթել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից ավելի քան 150 քկմ տարածք, որից միայն 54 մարտական դիրք ու հենակետ, և թերևս միայն Ֆրանսիայի Սենատն էր, որի առթիվ օրեր առաջ թեպետ դեկլարատիվ բնույթի, բայց այնուհանդերձ պաշտոնական, իրավական փաստաթուղթ ընդունեց։ Պետք է նաև հիշել այն կարևոր առաքելությունը, որ թերևս միայն Ֆրանսիան է հանդիսանում այն երկիրը, որը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության  խորհրդի 5  մշտական անդամներից մեկը, անմիջապես անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց  2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական հանցագործությունից հետո, որն ինքնին անեկսիա կամ ինտերվենցիա է՝ միտված սուվերեն պետության դեմ և ինքնիշխանությանը, տարածքների զավթողականությանը, ազգաբնակչության բնաջնջմանը և գույքի ոչնչացմանը, որը փաստացի այս պահի դրությամբ պատժամիջոցներով կամ գործնական հստակ մեխանիզմներով չի դատապարտվել միջազգային հանրության կողմից։ 
 
Թեպետ այդ փաստաթուղթը կրում է խորհրդատվական բնույթ, սակայն դրանում առկա են հստակ կետեր, որոնք ներառում են ադրբեջանական կողմի հասցեին ուղիղ մեղադրանք և նախազգուշացումներ՝ տարատեսակ պատժամիջոցներ կիրառելու պայմանով, եթե վերջինս զերծ չմնա հետագա ագրեսիայից և չհետևի միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ դուրս չբերի իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից։
 
Այսինքն, այն կարող է հստակ սկիզբ դնել Ադրբեջանի վրա մեծ ճնշումներ գործադրելու տեսանկյունից։ Իսկ Ֆրանսիայի նման դիրքորոշումը կարող է հիմնականում պայմանավորված լինել վերջինիս կողմից թուրքական պանթուրքիզմի ծավալապաշտական նկրտումների, որպես հասունացող մեծ վտանգի վրա ազդելու, ինչու չէ նաև հետագայում իրանական գազի Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տանող հնարավոր հանգույցների իրականացման հեռանկարներով։
 
Պետք է փաստել նաև, որ այս փաստաթուղթն ինքնին նախադեպային է՝ միտված Ադրբեջանի դեմ, որի առթիվ արդեն իսկ ադրբեջանական հասարակությունում և իշխանության շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն իսկ հայտնել է, թե Ֆրանսիան հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում որդեգրելու բերումով այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, և որ Հայաստանի վարչապետի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա՝ շեշտելով, որ Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, իսկ միջնորդները խանգարում են կողմերին և որ իրենք պատերազմ չեն ուզում։  Իսկ իրականում Բաքուն, որը կառավարվում է Անկարայի կողմից, պատրաստվում է պատերազմի։
 
Կարևոր է նաև նշել հետևյալի մասին, որ Բաքուն  փաստացի կառավարվում է Թուրքիայի կողմից ոչ թե 2020 թվականից, որի մասին սովորաբար հնչում է մամուլում, այլ արդեն իսկ 2012-2013 թթ․-ից՝ այն օրվանից, երբ ռուսական զինուժը դուրս եկավ Գաբալայի ռադիոտեղորոշման կայանից, դադարեցնելով վերջինիս շահագործումն այն պատճառով, որ կողմերը համաձայնության չեկան վարձակալության գնի շուրջ։ Այդ ժամանակ բաքուն նախ ցանկանում էր այն հասցնել 15 միլիոն դոլարի և այնուհետև տարեկան $300 միլիոն։ 2013 թվականին ամբողջ տեխնիկան ապամոնտաժվեց և տեղափոխվեց Ռուսաստան։ Ռուսաստանից վարձակալության համար չափից մեծ գումար պահանջելու ադրբեջանական կողմի մտադրությունն իրականում պայմանավորված էր ռուսական ռազմական մասնակցությունն իր երկրի տարածքից դուրս հանելու նպատակով։ Արդյունքում, այսօր տարբեր տվյալների համաձայն, այդ տարածքը տրվել է թուրքական ռազմական կառույցներին, որոնք էլ այսօր փաստացի կառավարում են ադրբեջանական ուժային կառույցները։
 
-Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը և Թուրքիան բազմաթիվ անգամ հայտարարել են Հայաստանի տարածքով միջանցք ունենալու մասին: Հայաստանն էլ նշում է, որ պատրաստ է միայն ճանապարհ տրամադրել՝ բոլոր ճանապարհների ապաշրջափակման տրամաբանությունից ելնելով: Իհարկե, այս հարցում, բացի արևմուտքից, կարևոր է նաև Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումը: Այս թնջուկն ինչպե՞ս կարող է հանգուցալուծվել:
 
-Նախ, պետք է հասկանալ, որ շրջանառվող այդ հասկացությունը, որը թուրքական աշխարհի ակտիվ դիվանագիտության շնորհիվ այսօր դարձել է օրակարգային, ո՞ւմ է ձեռնտու և ո՞ր կողմն է առավելապես հետաքրքրված դրա իրականացմամբ։ Փաստացի Հայաստանն ու Իրանը կարմիր գիծ են հայտարարել այդ հարցի վերաբերյալ, հստակ արձանագրելով դրա անիրական լինելու մասին։ Ռուսական կողմը, դատելով վերջինիս պաշտոնական հայտարարություններից, կարծես թե, պաշտոնապես կողմ  չէ այն նախագծի իրականացմանը, թեպետ որևէ կարմիր գիծ կամ քննադատություն ըստ էության, չեն հնչել։
 
Արևմտյան երկրներից թերևս միայն ֆրանսիական կողմն է կոշտ արտահայտվել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և իր աջակցությունը հայտնել հայերին։ Իսկ թուրք-ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունները խոսում են ամեն գնով այդ նպատակին հասնելու պատրաստակամության, ընդուպ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ճեղքման, զավթման, բլիցկրիգի և պատերազմի մասին, ինչին հստակ արձագանքում է միայն Իրանը՝ պատերազմ, պատերազմի տեսքով։
 
Ավելին, Իրանից եկող այսօրվա բարձր մակարդակով հայտարարությունները, զորավարժությունները, տեսառեպորտաժները վկայում են այն մասին, որ Իրանն իրապես լուրջ է տրամադրված և պատերազմով կարձագանքի, եթե ադրբեջանցիները որոշեն գնալ հանցավոր և անօրինական ճանապարհով, ճեղքեն Հայաստանի սահմանը և դուրս գան Նախիջևան։ Արդյունքում, Իրանը, ըստ իրանական կողմի հայտարարությունների, չի վարանի և զորք կմտցնի Նախիջևանի և Հայաստանի տարածքներ, ազատագրելով վերջինիս զավթողական ուժերից։ Իհարկե, այս սցենարը չի սահմանափակվի լոկ տարածաշրջանային երկրների մասնակցությամբ, այլ կհանգեցնի աշխարհաքաղաքական տերությունների և գերտերությունների ուղիղ բախմանը, որն էլ ոչ միայն կվերածի այն պատերազմական թաթերաբեմի, այլ իրական վտանգ կդառնա Երրորդ համաշխարհային պատերազմի վերսկսման համար։
 
Այդ ամենը. հավանաբար քաջ գիտակցում են բոլոր կողմերը, այդ թվում Բաքուն և Անկարան։ Հետևաբար, այսօր սեղանին դրված է այդ նպատակին հասնելու համար հիմնական զսպող ուժին՝ Իրանին թուլացնելու հստակ ծրագիր, մեծապես սրելով Իրանի ներքաղաքական իրավիճակն ու արտաքին աշխարհում էլ տնտեսական շրջափակումը։ 
 
-Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի կողմից շուտափույթ կերպով միջազգային օդանավակայանների կառուցումը։
 
-Այդ թեման ցավոք, քաղաքագիտական և փորձագիտական շրջանակներում մեծ տարածում չի գտել առ այսօր, չնայած դրա մեծ կարևորությանն ու ռազմավարական նշանակությանը։ Այն, որ Ադրբեջանը 1,5 տարում կառուցեց աշխարհում գերժամանակակից ենթակառուցվածքներով հարուստ երկու խաշոր օդանավակայան Վարանդայում և Կովսականում՝ ծախսելով, տարբեր հաշվարկների համաձայն, յուրաքանչյուրի համար միջինը 1,5 մլրդ ԱՄՆ դոլար, այն դեպքում, որ դրանք գտնվում են անմիջապես Իրանի և Հայաստանի սահմաններին, կարող է մի քանի գործոնների մասին վկայել, եթե անգամ հաշվի չառնենք, որ Բաքուն ապագայում մտադրված է կառուցել ևս երկու օդանավակայան։
 
Նախ, այդ օդանավակայանները գտնվում են բնակելի վայրերից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա, ինչն անտրամաբանական է համարվում, քանի որ, ըստ էության, պետք է, որ, եթե քաղաքացիական են, ուրեմն պետք է նախատեսված լինեն և ծառայեն բնակիչներին, այն դեպքում, եթե առնվազն 5-10 տարի, համաձայն ադրբեջանական իշխնությունների հայտարարությունների, այդ տարածքներում ականների պատճառով ազգաբնակչությունը չի կարողանալու բնակվել։
 
Մյուս կողմից՝ դրանք անմիջապես սահմանամերձ են Իրանին, ինչը համարվում է խիստ վտանգավոր, հաշվի առնելով ադրբեջանական և իրանական փոխադարձ բարդ և լարված փոխհարաբերությունները։ Բացի դրանից, սույն օդանավակայանների կառուցման առաջին իսկ օրվանից պաշտոնական Բաքուն մշտապես կապում է այն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ, ինչը տրամաբանորեն անհամատեղելի է, քանի որ օդանավակայանները, ըստ էության, ցամաքային երթուղու հետ որևէ կապ չպետք է ունենան, ուստի դրանց անմիջական կապը ճանապարհային կամ երկաթուղային ճանապարհ ենթադրող կամ պահանջող միջանցքի հետ  առնվազն տեղին չէ։
 
Այս ամենը փաստացի վկայում է այն մասին, որ Բաքուն առնվազն մտադրված է այս օդանավակայանները կիրառել ռազմական նպատակով՝ դարձնելով դրանք ռազմական օդանավակայաններ, ռազմական պատսպարաններով, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ծառայեցնել զենք ու զինամթերք տեղափոխել այդ տարածքներ, ինչն էլ միտված կլինի, ըստ էության, գալիք ադրբեջանա-իրանական պատերազմում հաջողություններ արձանագրելուն։
 
-Խոսենք նաև հայ-իրանական հարաբերությունների մասին, այն շատ կարևոր է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ տարածաշրջանային առումով՝ հատկապես Սյունիքի հետ կապված ադրբեջանական նկրտումների տեսանկյունից: Իրանը նաև հայտարարել է, որ սահմանների անխախտելիությունն իր կարմիր գիծն է և թույլ չի տա, որ աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունենան:
 
-Այսօր կարելի է արձանագրել, որ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության շահերը և նպատակները մեծապես համընկնում են հայկական կողմի հետ, ինչն առավել ակնառու է դարձել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի համագործակցության արդյունքում ձեռքբերված նոր տարածքների և այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» նոր հասկացության միջազգային օրակարգում քննարկման առարկա դարձնելուց հետո՝ իրանական կողմի մոտ առաջացած խիստ մտահոգությունների համատեքստում։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է բազմակողմանի, անգամ որևէ երրորդ պետության կողմից հնարավոր ճնշումների դեպքում, առավելապես խորացնել հարաբերություններն Իրանի հետ՝ հասցնելով դրանք դաշնակցական մակարդակի, ռազմական և տնտեսական փոխհամագործակցության խորացման համատեքստում։ Մենք պետք է հասկանանք, որ այսօր այն պարզապես բխում է մեր կենսական և գոյաբանական պահանջներից։ Ճիշտ և հետևողական դիվանագիտական քաղաքականության արդյունքում մենք որևէ խնդիր չենք ունենա հակաիրանական դիրքերից հանդես եկող և Հայաստանի համար բարեկամ երկիր համարվող պետությունների հետ։
 
-Ի՞նչ կասեք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ: Արդյո՞ք տեսանելի ապագայում կարելի է այս առումով զարգացումներ սպասել:
 
-Թուրքիայի համար այսօր կա հստակ օրակարգ՝ կյանքի կոչել պանթուրքական և նեոօսմանական ծրագիրը, մասնավորապես, ամբողջովին տիրանալու Հարավային Կովկասին, որն իրեն չհաջողվեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ և դրանցից հետո։  
 
Հարավային Կովկասում  առանցքային գերնպատակ է հանդիսանում Ադրբեջանի հետ միասնական թուրքական պետության ստեղծումը՝ ներառելով այնտեղ Հայաստանը, Վրաստանը և Իրանի հյուսիսային նահանգները։ Թուրքիան երբևէ հետ չի նահանջել իր նախատեսվածից՝  ստեղծելու 500 միլիոնանոց և Բալկաններից մինչև Ալթայ հզոր պանթուրքական միասնություն։  Այդ ամենի կյանքի կոչելու գործում այսօր թուրքական իշխանություններն որպես գործիք չեն ափսոսում կիրառել անգամ պանիսլամական գաղափարախոսությունը, թեպետ շատ դեպքերում այն անգամ խանգարում է, հաշվի առնելով բավական բարդ և խոցելի փոխհարաբերություններն արաբական աշխարհի շատ երկրների հետ:
 
Այդ իսկ առումով, Թուրքիան մինչև վերջ հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը կկապի հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, չդադարելով շահարկել և հնարավորինս օգտվել հայկական դիվանագիտության թերացումներից և բացթողումներից։ Ամեն դեպքում, դժվար է պատկերացնել, որ առաջիկա հեռանկարներում կարող է դիտարկվել ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, անկախ ներկայիս հայկական կողմի կողմից որդեգրած խաղաղության դարաշրջանի հաստատման և խաղաղության պայմանագրի ստորագրման անհեռատես տեսլականի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր