Տեսանյութ.ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր

Վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, մայրաքաղաքում և ՀՀ տարբեր մարզերում մշակել և ձեռնարկել է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության և վաճառքի ոլորտում հանցավոր սխեմաներով գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։
Մարզերում գործող առևտրի կետերում համաժամանակյա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 47 առևտրի կետում, վարչության աշխատակիցները, հայտնաբերել են կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով, ակնհայտ կեղծ ակցիզային դրոշմանիշներով կամ նույնականացման նշաններով ստվերային շրջանառվող 1703 շիշ օղի։
Միջոցառումների ընթացքում ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։ Հայտնաբերվել են նաև միևնույն նույնականացման նշանների բազմակի օգտագործման դեպքեր։
Այս իրավախախտման բոլոր հանգամանքները, խմբերում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Արձանագրված դեպքերով, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում մանրամասն վերլուծվում և ուսումնասիրվում է հավաքված ամբողջ տեղեկատվությունը, որից հետո ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։ Նշենք, որ առերևույթ հանցանքի մասին ներկայացված հաղորդումների հիմքով, 2025թ-ի ընթացքում, արդեն իսկ, նմանատիպ 14 դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Ալկոհոլային խմիչքներ արտադրողներին Պետական Եկամուտների կոմիտեն հորդորում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով և զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չգործել հանցավոր մեթոդներով, այդ թվում խաղողի օղու անվան տակ ցորենի օղի չվաճառել, ինչը ոչ միայն հարկերից դիտավորյալ խուսափելու միտում է, այլև` խաբեության դրսևորում սպառողների նկատմամբ: