Տեր Արամը խախտել է Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունն ու ենթարկվել կարգապահական նկատողության, դրանից հետո էլ սկսել է նախաձեռնել հրապարակումները

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏԵՐ ԱՐԱՄ ՔԱՀԱՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԽՆԴՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Վերջին օրերին հանրային քննարկումների ու շահարկումների առիթ են դարձել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հրապարակումները և նրան իբր կարգալույծ հռչակելու կեղծ լուրերը։
Նշենք, որ այս ամբողջ աղմուկը սկսվեց Տեր Հոր կողմից Մկրտության արարողության կատարման ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման և դրսևորված կամայականության փաստից։
Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունը խախտելու պատճառով Թեմակալ Առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից Տ. Արամ քահանան ենթարկվել է կարգապահական նկատողության։ Նրան հանձնարարվել է տասն օր ներկա գտնվել Առավոտյան և Երեկոյան ժամերգություններին Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցում և ձեռնպահ մնալ խորհրդակատարություններ մատուցելուց։
Ընդգծենք, որ Տեր Հայրն ընդունել և կատարել է Առաջնորդ Սրբազան Հոր տնօրինությունը և ներկայիս շարունակում է իր ծառայությունը Հովհաննավանքում։
Այնուհետև, անհասկանալի կերպով Տեր Արամը նախաձեռնել է իր հայտնի հրապարակումները։
Հավելենք նաև, որ Եկեղեցին ունի համապատասխան կառույցներ, որտեղ յուրաքանչյուր հոգևորական կարող է իրեն անհանգստացնող հարցերը բարձրաձայնել և ստանալ լուսաբանումներ։
Տարօրինակ է, որ իրեն հուզող խնդիրների առնչությամբ Տեր Հայրը երբևէ որևէ եկեղեցական ատյանի չի դիմել։
Տեր Արամը պետք է անդրադառնա, որ խնդիրների նմանօրինակ արծարծումը հանրային հարթակներում չարամատորեն կարող է շահարկվել այլոց կողմից, ինչը և տեղի է ունենում այս դեպքում։
Ցավում ենք, որ Տեր Հոր անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար՝ հերթական անգամ թիրախավորելով Եկեղեցուն։
Արագածոտնի թեմի մամլո դիվան»: