Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու

«Ձախողված իմպիչմենտն այն է, երբ 36 ձայնով մտնում են խորհրդարան, քվեարկություն է տեղի ունենում և, կամ քվորում չի ապահովվում, կամ քվեարկության մեջ անվստահությունը ստանում է 36 կողմ։ Դրանից հետո դու այլևս մեկ տարի չես կարող այդ գործիքից օգտվել։ Դրանով փաստորեն վարչապետը ստանում է անվտանգության բարձրիկ»,–ասաց Արմեն Բադալյանը։
Արմեն Բադալյանը նկատեց, որ այս տարվա մայիսի 9–ին, երբ ՀՀ վարչապետը գնացել էր Մոսկվա, այնտեղ, ամենայն հավանականությամբ, խոսակցություններից հասկացել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները այլևս վերականգնելու ենթակա չեն․
«Ենթադրելով որ ռուսական կողմը ինքը կարող է այս կամ այն կերպ անվստահության գործիքն օգտագործել աշնանը կամ գարնանը, պետք է այս գործիքը փչացվի։ Հիմա բոլոր նրանք, որոնք վարչապետի անվստահության գործընթաց են սկսում և չունեն 54 ձայն, նրանք դրանով ձախողում են այս գործիքը, և դրանով անուղղակի աջակցում վարչապետին։
Եթե չկա 54 ձայն, ուրեմն «Պատիվ ունեմ»–ի գործողությունները ստացվում են հօգուտ վարչապետի։
Դիտարկմանը, որ «Պատիվ ունեմ»–ը քննադատում է «Հայաստան» դաշինքին, որ չի միանում իմպիչմենտի գործընթացին, քաղտեխնոլոգը նկատեց, որ «Հայաստան» դաշինքը 28 ստորագրություն դրել է, հիմա «Պատիվ ունեմ»–ի հերթն է, բերել ՔՊ–ական պատգամավորների 21 ստորագրություն. «Եթե այդ 21 ստորագրությունները չկան, գործընթացը գնալու է տապալման»։
Արմեն Բադալյանը նաև հիշեցրեց, որ իմպիչմենտի նախաձեռնության մասին հայտարարությանը հաջորդեց իշխանության արշավը եկեղեցու դեմ, Միքայել արքեպիսկոպոս Արաջապահյանի կալանավորումը։
«Այսինքն՝ Փաշինյանն ամեն բան արեց, որպեսզի հասարակությունը լարված իրավիճակում լինի, որպեսզի ժողովուրդը դուրս գա իշխանության դեմ գործընթաց իրականացնելու։ Բայց «Հայաստան» դաշինքը դա չարեց և 28 ստորագրություն դրեց թղթի տակ։ Դրան հաջորդեց «Պատիվ ունեմ»-ի հայտարարությունը, թե «Հայաստան» դաշինքի ստորագրություններն իրական չեն, թե իբր գելով գրիչով են գրել, բայց պիտի թանաքով լիներ, թե բա թուղթը լավը չի և այլն։ Այսինքն՝ տարատեսակ խոսակցություններ սկսվեցին, թե էդ ստորագրությունները ոչինչ են։ Բայց ոչ, իրականում դրանք ամեն ինչ են։ Մինչդեռ «Պատիվ ունեմ»-ը պետք է բերեր ՔՊ 21 ստորագրություն։ Անցել է երեք ամիս։ Հիմա այդ ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից քանիսի՞ն է «Պատիվ ունեմ» դաշինքին հաջողվել դուրս բերել և ստորագրություն վերցնել՝ անվստահության գործընթաց իրականացնելու համար։ Իսկ եթե նրանք չեն միանում, դա նշանակում է, որ դուք գնում եք ձախողված իմպիչմենտի, որը բխում է վարչապետի շահերից»,– ասաց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ եթե «Պատիվ ունեմ»-ը փորձի 36 ստորագրությամբ մտնել Ազգային ժողով՝ անվստահություն հայտնելու, հեքիաթներ պատմի, թե անվստահության գործընթաց սկսելու դեպքում ժողովուրդը դուրս կգա փողոց՝ 100 000-ով, ապա միայն փչացնելու է այդ գործիքը։ Իմպիչմենտի գործընթացում կարևորը ոչ թե սկսելն է, այլ ավարտելը, ինչի համար պետք է 54 կամ ավելի ձայն։
Հարցին, թե ինչի համար է անհրաժեշտ ձախողված իմպիչմենտ, քաղտեխնոլոգն արձագանքեց․
«Չի բացառվում, որ աշնանը կամ գարնանը Ռուսաստանի Դաշնությունը փորձի աջակցել իրական անվստահություն հայտնելուն և փոխի հակառուսական կամ արևմուտքի գլոբալիստների ազդեցության տակ գտնվող իշխանություններին։ Որպեսզի դա տեղի չունենա՝ հիմա պետք է ձախողված իմպիչմենտ։ Ես չեմ ասում՝ «Պատիվ ունեմ»-ն աջակցում է, ասում եմ՝ սպասում եմ 54 ստորագրության առկայության։ Եթե կա 54 ստորագրություն, ուրեմն «Պատիվ ունեմ»-ն իրոք հեռացնում է վարչապետին։ Եթե չկա 54 ստորագրություն, ուրեմն «Պատիվ ունեմ»-ի գործողությունների հետևանքով վարչապետը մեկ տարով դառնում է քաղաքականապես անձեռնմխելի։ Եթե «Պատիվ ունեմ»-ն չունի ՔՊ-ականների ստորագրություններ, նշանակում է՝ աշխատում է հանուն վարչապետի։ «Հայաստան» դաշինքը ուղղակի պարտավոր է հաստատել՝ կա՞ այդ ստորագրությունը։ Եթե կա, ապա իր 28 ստորագրություններով կմիանա։ Եթե չկա ՔՊ-ի 21 ստորագրություն, ապա «Հայաստան» դաշինքը իրավունք չունի դա անելու»։