Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում դիմորդների թվի աճ է արձանագրվել
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նախորդ տարվա համեմատ կրկին արձանագրել է դիմորդների թվի աճ․կա մասնագիտություն, որի դեպքում այդ ցուցանիշը կազմում է ավելի քան 90 տոկոս։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համալսարանի Դիմորդների ընդունելության և կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանը մանրամասնեց, որ, մասնավորապես, «Ինժեներական համակարգերի մոդելավորում, նախագծում և կառավարում» բաժնում դիմորդների թիվն աճել է 91 տոկոսով։Գրեթե համահավասար են ցուցանիշները «Ճարտարապետություն» և «Դիզայն»-բաժիններում՝ կազմելով մոտ 37-ական տոկոս, իսկ «Շենքերի և կառուցվածքների մոդելավորում, նախագծում, շինարարություն» բաժնում դիմորդների թիվն աճել է 22 տոկոսով։Ըստ Սարգսյանի՝ տարեցտարի դիմորդների թվի շարունակական աճը պայմանավորված է համալսարանի կողմից դպրոցների և հանրության հետ տարվող աշխատանքներով։
«Հետագայում արդեն այդ ցուցանիշները պայմանավորված են բուհի կողմից տարվող քաղաքականությամբ, որը ներառում է և՛ ուսումնական պլանները, և՛ վարչական կազմի, ղեկավարության մոտեցումները։ Սոցիալական պատասխանատվությունը բուհում շատ մեծ է։ Մեծ աշխատանքներ են իրականացվում, որոնք տալիս են իրենց արդյունքները։ Հընթացս վերլուծություններ են իրականացվում, որոնց հիման վրա էլ հաջորդ տարի ծրագրերը կատարելագործվում են»,-ընդգծեց բուհի Ընդունելության և կարիերայի բաժնի ղեկավարը։
Նրա խոսքով՝ միաժամանակ դիմորդների թվի մեծ աճը պայմանավորված է շրջանավարտների, ուսանողների արձագանքներով, որոնք իրենց կրտսեր ընկերների հետ կիսվում են համալսարանից ստացած տպավորություններով, ներկայացնում ՃՇՀԱՀ-ում առկա համապատասխան մասնագիտական կրթության հնարավորությունները։Հաջողություններն, ըստ Սարգսյանի, ուսանողները պայմանավորում են ստացած կիրառական գիտելիքներով, աշխատաշուկայում իրենց տեղը գտնելով, քանի որ բուհական քառամյա ուսումնառությունն ապարդյուն չի անցնում, հատկապես, երբ ներկայում ինժեներական կրթությունը բավականին թանկարժեք է։
«Այստեղ կրթությունը միայն տեսական չէ, այլ նաև՝ գործնական և կիրառական նշանակություն ունեցող։ Կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ համալսարանում ներկայում չկան ուսանողներ, որոնք չեն աշխատում։ Շատ հաճախ մեզ դիմում են գործատուներ՝ շինարարի, դիզայների, տնտեսագետի համար, բայց մենք չունենք ազատ ուսանող»,-ասաց Սարգսյանը։ Այդուհանդերձ, մինչ ուսանողի աշխատանքի անցնելը, նա խրախուսելի համարեց ակադեմիական բարձր գիտելիքների ձեռքբերումը, որոնք կնպաստեն ունակությունների, հմտությունների զարգացմանը։
Համալսարանը ժամանակի պահանջներին համընթաց վերակառուցելով, կատարելագործելով ուսումնական ծրագրերը, մասնագիտությունները՝ այժմ մի շարք բովանդակային ձեռքբերումներով է առանձնանում։Սարգսյանը բուհի առանձնահատկություններից համարեց, օրինակ, շինարարության ոլորտում տնտեսագետների պատրաստումը, որոնք կարող են իրականացնել շինարարական աշխատանքների նախահաշվարկներ, անշարժ գույքի գնահատում և այլն։
Բացի այդ՝ բակալավրում բացվել է նոր բաժին՝ տրանսպորտային լոգիստիկ համակարգի մասնագետների պատրաստման համար, որը, մեր զրուցակցի գնահատմամբ, շատ կարևոր է պետության տնտեսության կառուցման, զարգացման, արդյունավետության ապահովման համար։ՃՇՀԱՀ-ի նորույթներից է նաև «Ճարտարապետություն» մասնագիտության ճյուղավորումը, որի արդյունքում այս տարի բացվել է «Ճարտարապետական ժառանգության վերականգնում» բաժինը։
Այդ մասնագիտությամբ սովորողները միջազգային փորձի փոխանակման շրջանակներում ներգրավված են Հայաստանի և արտասահմանյան խմբերում։ Անդրադառնալով պրոֆեսորադասախոսական ներուժի հարցին՝ Սարգսյանը նախ նշեց, որ բուհը համագործակցում է շուրջ 90 երկրի բուհերի հետ, որի շրջանակներում շարունակաբար իրականացվում են վերապատրաստումներ։
Վերադառնալուց հետո վերապատրաստված դասախոսները կազմակերպում են կոնֆերանսներ, գիտաժողովներ, քննարկումներ՝ համապատասխան ամբիոնների գործընկերներին փոխանցելով իրենց փորձը։Ակտիվ են գործում նաև ուսանողների փոխանակման ծրագրերը արտասահմանյան գործընկեր բուհերի հետ։
