Ընդդիմությունը պետք է մի բան հասկանա՝ եթե ուզում է հաղթել, պետք է խաղի կանոններ փոխի
«Վաղարշապատի ընտրությունը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու այն, ինչը արդեն ասել եմ՝ փողոցը որպես գործոն մահացել է ՀՀ-ում։ Էջմիածնում ՔՊ-ի հանրահավաքին շատ քիչ մարդ էր եկել, սակայն իրենք ստացան հազարավոր ձայներ։ Նույնն էլ ընդդիմությունը, «Մեր ձևով» շարժման հանրահավաքին մի 15-20 հազար մարդ էր եկել, բայց ավելի շատ աջակից ունի»:Այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Hayacq.com-ի հետ զրույցում։
Ըստ Արմեն Բադալյանի շատ մեծ փոփոխություններ պետք է լինեն, որ փողոցն ինչ-որ նշանակություն ունենա։
«Բոլոր նրանք, ովքեր կասեն, առաջին հերթին վերաբերում է ընդդիմադիրներին, որ իրենք փողոցի միջոցով կկարողանան ճնշում գործադրել իշխանությունների վրա, փողոցը ոտքի կկանգնացնեն, ուրեմն նրանք քաղաքական գործընթացներից ոչինչ չեն հասկանում։ Հասարակության միակ պոտենցիալը ընտրատեղամաս գնալն ու քվեարկելն է։ Վարչապետի այն հայտարարությունը, որ Էջմիածինն այս քվեարկությամբ իրեն տվեց լիազորություն Վեհարանի դեմ դուրս գալու, չի նշանակում, որ ՔՊ-ին ձայն տված այդքան մարդ դուրս է գալու Վեհարանի դեմ։ Չէ, դուրս չի գալու»։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ ակնհայտ է, որ Վաղարշապատում ՔՊ-ին ձայն տվողները շատ չէին, սակայն գյուղերում ունեն մեծ ընտրազանգված։
«Գյուղերը միշտ էլ քվեարկել են օրվա իշխանության օգտին՝ անկախ նրանից, թե ով է իշխանություն կամ ընդդիմություն։ Գյուղի ընտրազանգվածի վրա հեշտ է ազդել, նրանք տեղեկատվական տեսանկյունից հիմնականում դիտում են պետական հեռուստաընկերություն։ Բացի դա, գյուղի բնակիչներն ավելի հեշտ են ենթարկվում վարչական ճնշման՝ սոցիալական վատ վիճակի և համայնքային կառույցներից կախվածության պատճառով։ Արդյունքում՝ նրանց վրա ազդելը շատ ավելի հեշտ է, ինչն էլ տեղի ունեցավ»,- նշեց Բադալյանը։
Արմեն Բադալյանը կարծում է, որ սա այն ուժի հաղթանակն է, որը կարողացավ ճիշտ աշխատեցնել ՔՊ-ի մեխանիզմը։
«Ասել՝ ՔՊ-ն իր շտաբով հաղթեց, ճիշտ չէ, որովհետև այստեղ նկատելի են մի շարք գործընթացներ։ Օրինակ՝ պարզվում է, որ ինչ որ անհայտությունից հայտնվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը մոտ 4% ձայն է ստանում, և որի մասին վերջին անգամ լսել էինք առնվազն 10–12 տարի առաջ։ Այսինքն՝ այստեղ կուլիսների հետևում գործել է մի անտեսանելի ուժ, որը շատ ճշգրիտ հաշվարկված աշխատանք է իրականացրել»։
Իսկ դիտարկմանը, թե միասնական դաշինքով ընդդիմությունը կարող էր ավելի լավ արդյունք ունենալ, Բադալյանի հավաստմամբ դա սխալ մոտեցում է։
«Բոլորը միասին, քաղաքական հասկացություն գոյություն չունի։ Այդ դեպքում ընդդիմությունն ընդհանրապես կարող էր ավելի քիչ ձայներ ստանալ, որովհետև նրանց ընտրազանգվածների միջև կան տարաձայնություններ, որոնք մեկ քարոզարշավով չի ստացվի հարթել»։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է հասկանա, որ եթե այս ընտրություններում պարտվել է ՔՊ-ին, ապա ԱԺ ընտրություններում իր իրական մրցակիցը ոչ այնքան ՔՊ-ն է լինելու, որքան աշխարհաքաղաքական «արևմտյան» դերակատարները, որոնք Մոլդովայից հետո չեն թույլատրելու, որպեսզի Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։
«Ինչպես հասկանում եմ՝ այս մեթոդաբանությունը լինելու է նաև ԱԺ ընտրություններին։ Մոտավորապես այս սկզբունքով են փորձելու գործել։ ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը մրցակցում էր ՔՊ-ի հետ, իսկ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի դաշնակիցը դառնալու են նաև ԵՄ-ն, գլոբալիստները, թուրք-բրիտանական ուժերը, որոնց համար հեչ ձեռնտու չէ, որ այսօրվա քաղաքական ուժը փոխվի։ Դրա համար ընդդիմությունը պետք է մի բան հասկանա՝ եթե ուզում է հաղթել, պետք է խաղի կանոններ փոխի, հակառակ դեպքում՝ Վաղարշապատի ընտրությունների պատկերը մի քիչ այլ ձևով պռոյեկտվելու է ԱԺ ընտրությունների համայնապատկերում»։
