Բաքվում պահվող գերիների ընտանիքներից լուրեր են ստացվում խոշտանգումների մասին, Էուլչեքյանի նկատմամբ շարունակական բռնությունը հանգեցրել է հաշմանդամության
Առաջնային նշանակություն ունի Բաքվում պահվող գերիների՝ քաղաքացիական և ռազմական անձանց, քաղբանտարկյալների ազատ արձակումը, զուգահեռաբար՝ անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզումը։ Այս մասին ՍիվիլՆեթի՝ «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Բաքվում պահվող գերիների ընտանիքի անդամների հետ զրույցույցներում, ինչպես նկատում է Սահակյանը, ստացվում են տագնապալի տեղեկություններ, որ այս անձինք ստանում են խոշտանգումների, որն առաջացնում է ոչ միայն հոգեբանական, այլև՝ ֆիզիկական լուրջ հետևանքներ։
Վիգեն Էուլչեքյանի նկատմամբ շարունակական բռնությունը հանգեցրել է ընդհուպ հաշմանդամության և հաշմանդամությամբ պայմանավորված մարդասիրական խնդիրները չեն լուծվում, բացի այդ, մարդիկ զրկված են պատշաճ սնունդից, հիգիենայի բավարարման մինիմալ պահանջմունքների իրացումից, պատշաճ բուժօգնությունից։ Բռնի անհետացած անձանց ճակատագրի պարզման ուղղությամբ ևս պատշաճ քննություն չի իրականացվում։
Անդրադառնալով արցախցիների գույքային իրավունքներին՝ փորձագետ Արա Ղազարյանը նկատեց, որ առաջին հերթին արցախցիները պետք է իրենք իրավունքին տեր կանգնեն, եթե ունեն սեփականության իրավունքի փաստաթղթերը, ապա պետք է դիմեն միջազգային ատյաններ։ Փորձագետը կարևորեց, որ տարիների ընթացքում Ադրբեջանի ռեսուրսները՝ տեղեկատվական, իրավական մաշվելու են, բայց իրավական ստանդարտները պաշտպանվում են, իրավական գործընթացները ժամանակ է պահանջում։
«ՄԻԵԴ-ը, Մարդու իրավունքների կոմիտեն լցվում են այդ գործերով, մոտակա ժամանակաշրջանում արդեն դատական ակտեր են լինելու, որոնք ստանդարտներ են սահմանելու, առնվազն նշվելու է, որ հայերը բռնի տեղահանվել են և փոխհատուցում չեն ստացել, դա արդեն դառնալու է պատմական փաստ, Ադրբեջանը չի կարող ասել, որ նման բան չկա, կարող է մանևրել, թե վերադարձեք և այլն, բայց տարիների ընթացքում արդեն հարցը ավելի կոնկրետ է դրվելու»,- նկատեց փորձագետը։
