ՀԷՑ-ի 2018-2024թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան ջնջվել է
Ջնջվել է ՀԷՑ-ի 2018-2024թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան։ Երևույթը թաքցվել է թե՛ իրավապահներից, թե՛ ՀԾԿՀ-ից, որը արդեն իսկ լրջագույն խախտում է։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։«Այստեղ ավելի խորքային խնդիր ունենք, սահմանված որոշակի կանոններ կան ՀԾԿՀ կողմից, որին պետք է հետևի ՀԷՑ–ը և լիցենզավորված ոլորտում ցանկացած իրավաբանական անձ, և այդ կանոններով ՀԾԿՀ-ին հասանելիություն և երաշխիքներ պիտի տրվեն բաժանորդների, քաղաքացիների, իրավաբանական անձանց կողմից սպառած էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչներից ձևավորված համակարգում բոլոր հավաքագրված ինֆորմացիաների մասին։
2025 թվականի ընթացիկ տարվա հունվարի առաջին օրերին ՀԷՑ–ում նկատել են պատասխանատուները, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում։ ՀԷՑ–ը ինքը ներքին ստորաբաժանում չուներ նման ծավալի՝ շուրջ 700 հազար սպառողների հաշվիչներից հավաքված ինֆորմացիան սպասարկելու համար։ Այդ համակարգի սպասարկումն իրականացվում էր արտաքին միջամտության շնորհիվ, այդ թվում՝ ռուսաստանյան որոշ ընկերությունների կողմից, որոնք կամ ուղղակիորեն մաս են կազմում «Տաշիր» ընկերությունների խմբին, կամ արտապատվիրակված են այդ ծառայությունները ռուսական ընկերությունների, 40-ից ավելի դոստուպներ ուներ համակարգը այդ փուլում։
Եվ ահա այդ 40-ից ավելի դոստոպ ունեցող անձանցից ոմանք կամ ինչ-որ խումբ, պարզապես կամ կանխամտածված, կամ ցածր կոմպետենտության արդյունքում, հունվարի սկզբին այդ խնդիրը լուծելու պրոցեսի ընթացքում, որպեսզի սերվերի վրա լրացուցիչ տեղեր ազատվեն և կարողանան այդ ամբողջ արխիվացնել, չգիտեմ ինչ գործողության արդյունքում՝ ջնջվել է 2018-ից 2024 թվականի նոյեմբերն ընկած ամբողջ տվյալների բազան»,–ասաց նա՝ տեղեկացնելով, որ մինչև այս պահը չի հաջողվել վերականգնել այդ տվյալները։
Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց, որ կարող են ենթադրել, որ այդ տվյալների բազաներում տեսանելի և ապացուցելի կլինեին նաև հավելագրումները։
