«Hyundai Elantra»-ն վերածվել է մոխրակույտի, իսկ «Mercedes»-ը դարձել է ոչ շահագործելի․ Գորիսի ոստիկանները պարզում են հանցանք կատարած անձի ինքնությունը
Դեկտեմբերի 2-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղի 13-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Հրշեջները մարել են կայանված «Hyundai Elantra»-ում բռնկված հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Արդեն տեղում 31-ամյա Հայկ Զ-ն պարեկներին և հրշեջներին հայտնել է, որ ժամը 03։00-ի սահմաններւոմ իրեն անհայտ հանգամանքներում հրդեհվել է իրեն պատկանող «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, որը ամբողջությամբ այրվել է, ինչի համար իրեն պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս։
Հայկ Զ․-ն հայտնել է, նաև որ իր ավտոմեքենայի հրդեհվելու արդյունքում հրդեհվել է նաև իր ավտոմեքենայի կողքին կայանված համագյուղացի 31-ամյա Դավիթ Բ․-ին պատկանող «Mercedes»-ը, ում նույնպես պատճառվել է նյութական վնաս։
