Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

23 դեկ 2025 09:26

«Կարմիր գծեր»-ը 2026-ին կթանկանա՞ն. ինչ կորոշի ավագանին. «Ժողովուրդ»

«Կարմիր գծեր»-ը 2026-ին կթանկանա՞ն. ինչ կորոշի ավագանին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի ավագանին անցկացնում է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ տարեվերջյան նիստը, որի ընթացքում ավագանին կընդունի տեղական վճարների 2026թ.-ի դրույքաչափերը:

Նիստի շրջանակներում հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը Երևանի քաղաքային իշխանությունները օրակարգ են ընդգրկել «Երևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» զեկույցները:

Դրանց շրջանակում Երևանի ավագանին «կրկին» այս անգամ հաջորդ տարվա համար, պետք է հաստատի քաղաքային տուրքերի և վճարների մասին նախագիծը այդ թվում սկանդալային «Կարմիր գծերի» թանկացման մասին նախագիծը։

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը արդեն հայտարարել է, որ այսօր ավագանու նիստի ժամանակ դարձյալ բարձր վճարներով նախագիծ է ներկայացվելու քննարկման։

Հիշեցնենք, թե ինչումն էր այս ծրագրի սկանդալայինությունը․

Մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ:

Քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկել է դեռևս 2024 և 2025 թվականների ավագանու որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող դրույթները: Երկու գործերով էլ Վարչական դատարանը նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է:

Այժմ ստացվում է այնպես, որ եթե այսօր ավագանին քվեարկի և կրկին հաստատի տեղական վճարների դրույքաչափերը, ապա նախագիծը կրկին անվավեր կլինի, բայց գործող։ Իսկ եթե նիստում քվորում չապահովվի, ապա հնարավոր է նախագիծը կյանքի չկոչվի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր