Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն տնտեսական որոշակի հարված տալ, որ կարողանա կառավարել, բայց չի կարողանում հասնել իր նպատակին
Նիկոլ Փաշինյանի ակտիվ հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական արշավի մասին Hayacq.com-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է անընդհատ նույնը կրկնել՝ հույս ունենալով, որ հակաեկեղեցական ալիքը նոր թափ կհավաքի։«Այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձում էր եկեղեցու ներսից մարդ «հավաքագրել», ինչպես տեսնում եք, սա է նրա հավաքած մարդկանց թիվը։
Այստեղ ամենամեծ խնդիրը Սահմանադրությունն է, որը թույլ չի տալիս նրան, որպեսզի խառնվի եկեղեցու ներքին գործերին։ Նա իրավունք չունի իր «հեղափոխությունն» իրականացնել եկեղեցու ներսում, այսինքն՝ Սահմանադրությունը նրա համար լուրջ խոչընդոտ է»,-ասաց Արմեն Բադալյանը։
Արմեն Բադալյանի խոսքով՝ որոշակի տեխնոլոգիաների կիրառմամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է զուգահեռ հարված հասցնել եկեղեցու տնտեսական հիմքերին, մասնավորապես՝ հողը, որը սեփականության իրավունքով տրվում էր եկեղեցուն, հիմա այլևս չի տրվելու։
«Այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն տնտեսական որոշակի հարված տալ, որպեսզի կարողանա կառավարել։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայ Առաքելական եկեղեցին տնտեսապես միայն Հայաստանից չի սնուցվում, այն մեծ համազգային կառույց է, որին կարող են բազմաթիվ անհատներ նվիրատվություններ անել, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասնել իր նպատակին։
Նա չի հաջողելու նաև այն պատճառով, որ իր սկսած շարժման համար պետք է տեղի ունենա համաժողովրդական շարժում, ինչը, ինչպես տեսնում եք՝ տեղի չի ունենում։ Այս ամենի լավագույն ապացույցը վերջերս Նիկոլ Փաշինյանի ասած ու արած՝ «ուղտերթն» էր։
Նիկոլ Փաշինյանը մնացել է միայն վարչական ռեսուրսի հույսին, ինչը նրան մեծ հաջողություն չի կարող բերել։ Նա մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ է կիրառում, որը ժամերի ընթաքում արագ բացահայտվում է։ Նա ամեն կիրակի գնում է գյուղեր, դրանով փորձում ակտիվացնել զանգվածների շարժումը, բայց քանի որ ֆունդամենտալ խնդիր կա՝ հասարակությունն ակտիվ ազդեցություն ցույց չի տալիս, արշավը եկեղեցու դեմ հաջողություն չի ունենում»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։
