Պետական գաղտնիքի գործը 4 տարի է՝ քննում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու առիթով հարուցված քրեական գործը ճառերի փուլ է մտել: Մեղադրող դատախազը ասել է իր ճառը, սպասում են Մովսես Հակոբյանի պաշտպանական կողմը եւս ասի իր ճառը ու դատարանը գնա որոշում կայացնելու:4 տարի է դատարանը քննում է ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը ու որոշումը դեռ չկա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել: Ասուլիսի ընթացքում Հակոբյանը նշել էր, որ պատերազմի ընթացքում զորահավաք չէր իրականացվում՝ անմիջապես Նիկոլ Փաշինյանի հրահանգով, շեշտել, որ ԱԱԾ հատուկ ծառայությունները հրաժարվել են գործողություններ իրականացնել:
Գործը մակագրվել էր դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրաժարվել էր քննել այն՝ նշելով, որ Մովսես Հակոբյանի զինվորն է եղել ու նրա կողմից խրախուսանքի է արժանացել, ինչի արդյունքում գործը մակագրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանին, որին էլ հրահանգվել էր նիստն անցկացնել դռնփակ, քանի որ այդպես է պետք: Ի դեպ այս քրեական գործը 4 տարի է դռնփակ է քննվում: Դատելով իրավիճակից՝ իշխանությունները վախենում են, որ Մովսես Հակոբյանը պատերազմի մասով դատարանում այնպիսի փաստեր կներկայացնի, որոնց հանրայնացումը անհարմար դրություն կստեղծի, ուստի իրավիճակը լուծելու լավագույն տարբերակը դատական տեղեկատվական համակարգը փակելն է ու քրեական գործով նիստը դռնփակ անցկացելը, թեեւ, հիշեցնենք, Հակոբյանն իր ասուլիսի ժամանակ ամեն ինչի մասին հրապարակավ էր խոսել»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
