Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ»          Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ»       Հունվարի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 հուն 2026 01:09

Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ»

Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրականությունը բնութագրվում է խորացող բռևեռացումով, որտեղ իշխանական համակարգի շուրջ կենտրոնացած անձանց և հասարակ քաղաքացիների միջև առաջացած ճեղքվածքն ավելի է խորանում։ Այս երևույթը ներկայացնում է ոչ միայն տնտեսական խնդրի դիապազոնը, այլև հասարակական արդարության և քաղաքացիական վստահության խոր ճգնաժամը, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ երկրի զարգացման համար։

Իշխանական համակարգի շուրջ ձևավորված «արտոնյալ» խավը վերջին տարիների ընթացքում ունենում է ֆինանսական վիճակի կտրուկ բարելավում, որը կտրուկ հակադրվում է հասարակության լայն զանգվածների սոցիալական ու տնտեսական դժվարություններին։ Այս երևույթը դիտարկելիս անհրաժեշտ է վերլուծել մեխանիզմները, որոնց միջոցով տեղի է ունենում ռեսուրսների վերաբաշխումը, ինչպես նաև այն ինստիտուցիոնալ թերությունները, որոնք թույլ են տալիս նման անհավասարության պահպանումը և խորացումը։ Պետական մեխանիզմը, որը տեսականորեն պետք է ծառայեր ամբողջ հասարակության բարօրությանը, փաստորեն վերածվել է «ընտրյալների» համար արտոնությունների և հնարավորությունների աղբյուրի։

Երբ մենք խոսում ենք իշխանական համակարգին մոտիկ անձանց մասին, մենք հիմնականում նկատի ունենք այն անհատներին, ովքեր ունեն անմիջական կամ անուղղակի հասանելիություն պետական որոշումների ընդունման գործընթացին, բյուջետային հոսքերի բաշխմանը և պետական պաշտոնների նշանակմանը, զբաղեցնում են բարձր պաշտոններ կամ տարբեր թելերով կապված են իշխանությունների հետ։ Այս մարդկանց համար բուն իշխանությունը կամ իշխանության հետ կապի ստեղծումը դարձել են իրական սոցիալական վերելակ, որը քիչ ժամանակում թույլ է տալիս ապահովել ֆինանսական և սոցիալական կարգավիճակի էական փոփոխություն։

Կոնկրետ փաստերը ինքնին խոսուն են։ Գոյություն ունեն բազմաթիվ օրինակներ, երբ նախկինում համեստ ֆինանսական պայմաններում ապրող անձինք, հայտնվելով պետական ծառայության մեջ կամ իշխանական խմբակի հետ կապված լինելով, կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել թանկարժեք անշարժ գույք, «էլիտար» տեղամասերում բնակարաններ, ճոխ ավտոմեքենաներ և այլ նյութական արժեքներ։ Այնինչ, սա ընդամենը երևացող մասն է, չի բացառվում, որ չերևացող մասն անհամեմատ մեծ է։ Մյուս կողմից էլ՝ նման գույքերի ձեռքբերման աղբյուրները հաճախ մնում են անորոշ և թափանցիկ չեն, ինչը հարուստ հող է ստեղծում կասկածների համար։ Պատահական չեն ԶԼՄ-ներում պարբերաբար տեղ գտնող հրապարակումները կոռուպցիոն սխեմաների, շահերի բախման, պետական պատվերների անարդար բաշխման և այլ արատավոր երևույթների, մի խոսքով՝ իշխանություն ունենալով հարստանալու բազմաթիվ «ձևերի» մասին։

Այս իրավիճակը դառնում է հատկապես անընդունելի, երբ համեմատվում է հասարակ պետական ծառայողների և հասարակության լայն զանգվածների վիճակի հետ։ Օրինակ՝ պետական համակարգում աշխատող սովորական, «ոչ արտոնյալ» աշխատակիցները, ովքեր ամենօրյա ռեժիմով կատարում են իրենց պարտականությունները, ստիպված են գոյատևել չնչին աշխատավարձով, որը հաճախ չի բավարարում նույնիսկ կյանքի տարրական կարիքների ապահովմանը։ Այս մարդիկ պետք է բավարարեն խիստ մասնագիտական պահանջների, անցնեն պարբերական ատեստավորումներ, ապացուցեն իրենց որակավորումը, բայց սա չի երաշխավորում նրանց համար արժանապատիվ վարձատրություն։ Մինչդեռ բարձրաստիճան պաշտոնյաների համար գործում են կամայական չափանիշներ, որոնք հազվադեպ են ենթադրում խիստ պրոֆեսիոնալ գնահատում, ավելի ստույգ՝ մեծամասամբ չեն էլ ենթադրում։ Նրանց նշանակումները գերազանցապես հիմնված են անձնական կապերի, քաղաքական հավատարմության և այլ սուբյեկտիվ գործոնների վրա, ոչ թե կոնկրետ մասնագիտական ունակությունների։

Վարձատրության համակարգը, որը կիրառվում է պետական հատվածում, ցայտուն ցույց է տալիս առկա անարդարությունը։ «Ոչ արտոնյալ» աշխատողները ստանում են համեմատաբար փոքր աշխատավարձ, որը հազիվ թույլ է տալիս ապահովել ընտանիքի ամենաառաջնային կարիքները։ Շատ դեպքերում մարդիկ ստիպված են փնտրել լրացուցիչ եկամտի աղբյուրներ, միաժամանակ աշխատել մի քանի տեղ, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության, ընտանեկան կյանքի և ընդհանուր բարեկեցության վրա։ Նրանք գտնվում են մշտական ֆինանսական սթրեսի ներքո, երբ յուրաքանչյուր անսպասելի ծախս կարող է խախտել արդեն առանց այդ էլ փխրուն հավասարակշռությունը։

Հակառակ կողմում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են աշխատավարձեր, որոնք գերազանցում են սովորական աշխատողների վարձատրությունը տասնապատիկ կամ նույնիսկ ավելի մեծ հարաբերակցությամբ (էլ չենք խոսում թոշակառուների կենսաթոշակի ու նշյալների եկամուտների մասին): Բայց դա միայն վարձահատուցման համակարգի մի մասն է։ Նրանք ստանում են զանազան պարգևավճարներ, որոնք հասնում են միլիոնավոր դրամների։ Անհասկանալի է՝ ինչու, ինչի համար, ինչքանով է նրանց «արյունը կարմիր» Հայաստանի մյուս քաղաքացիներից: Երևի միայն նրանով, որ մեկ անձի շահերն են սպասարկում:

Պաշտոնյաների գործուղումները, որոնք ունեն կասկածելի արդյունավետություն (կարելի է ասել՝ նույնիսկ զրո արդյունավետություն), բայց ներառում են բարձրակարգ հյուրանոցներում բնակություն, թանկարժեք ճաշարաններում սննդի ծախսեր և այլ առավելություններ, դառնում են օրինաչափություն։

Պետական ծախսերի վերլուծությունը բացահայտում է նաև լրացուցիչ այլ խնդիրներ։ Պետական բյուջեից կատարվող ծախսերը, որոնք պետք է ծառայեին հանրության բարօրությանը, հաճախ ուղղվում են կասկածելի նպատակների։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր