Արտառոց դեպք՝ Երևանում, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 բուժառուի տեղափոխել է հիվանդանոց, որտեղ հրաժարվել են նրանց ընդունել
Այսօր՝ փետրվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադները 2 բուժառուի՝ մեկին Մալաթիա-Սեբաստիա, մյուսին էլ՝ Արաբկիր վարչական շրջաններից անգիտակից վիճակում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սակայն արդեն 40 րոպե է հրաժարվում են բուժառուներին ընդունել։
Այս պահին հիվանդանոցի բակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները շարունակում են Հիպոկրատին իրենց տված երդումը պահել, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնից ոչ մի բժիշկ, անգամ հերթապահ պատասխանատու բժիշկները չեն բարեհաճում ժամանել և խնդիրը գոնե քննարկել, թե ի վերջո բուժառուներին կընդունեն հիվանդանոց, թե կմնան բաց երկնքի տակ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն տեղում անվտանգության մի աշխատակից հետևում էր շտապօգնության բժիշկների աշխատանքին ու հեռախոսով հավանաբար վերադասին տեղեկություն էր հայտնում։
Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու շտապօգնությունը այդ դեպքում այլ բժշկական կենտրոններ չի տեղափոխում այդ երկու բուժառուններին, շտապօգնության բժիշկը հայտնեց, որ նրանց համար նախատեսված է «Արմենիա» բժշկական կենտրոնը, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնից այդպես էլ միչև այժմ ոչ մի դրական արձագանք։
