Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի       Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին    

06 փետ 2026 17:09

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածելԱրցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության օրինական ներկայացուցչական մարմին, խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած շինծու «դատավարությունները» Արցախի Հանրապետության գերեվարված հայազգի ռազմաքաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ։

Այդ գործընթացներում ներկայացված շինծու մեղադրանքներն ու դրանց հիման վրա ընդունված դատավճիռները որևէ կապ չունեն արդարադատության հետ և հանդիսանում են պետական ահաբեկչության ու քաղաքական հաշվեհարդարի բացահայտ դրսևորում՝ նպատակ ունենալով վարկաբեկել հայության երեք տասնամյակից ավելի տևած սեփական իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարը, որն իրականացվել է միջազգային իրավունքի, մասնավորապես, դրա հիմնարար սկզբունքներից մեկի՝ ինքնորոշման իրավունքի լիակատար համապատասխանությամբ:

Ադրբեջանում այդ շինծու «դատավարությունները» շարունակությունն են Արցախի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմական հանցագործություններով ուղեկցվող ռազմական ագրեսիայի և 2023թ. իրականացված էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների, որոնք միջազգային իրավունքը միանշանակորեն որակում է որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ:

Անընդունելի և դատապարտելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների շարունակական անգործությունն ու անտարբերությունը ոչ միայն հայրենակիցների նկատմամբ ներկայացված շինծու մեղադրանքների ու կայացված սարքովի «դատավճիռների» նկատմամբ, այլև քաղաքական կարճատեսությունը, քանի որ դրանով Հայաստանի Հանրապետության դեմ ձևավորվում են ապագայում ներկայացվելիք մեղադրանքների հիմքեր՝ որպես ահաբեկչությունը խրախուսած պետություն։

Անկախ այն բանից’ միջազգային հանրությունը աշխարհաքաղաքական վայրիվերումների բովում նկատում է դա, թե ոչ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երեք տասնամյակից ավելի եղել է միջազգային հարաբերությունների ու ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի օրակարգերի անբաժան մասն ու 15 տարի շարունակ Մինսկի խմբի համանախագահներն ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարները հաստատել են, որ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով և ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Հետևաբար, այդ ինստիտուտների համապատասխան արձագանքի բացակայության դեպքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում ընդունված «դատավճիռները» հավասարապես վերաբերում են այդ երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է’

մենք հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու մեր ժողովրդի՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար և համոզված ենք, որ ի վերջո արդարությունը հաղթելու է և իրական հանցագործները ստանալու են իրենց արժանի պատիժը:

Արցախի Ազգային ժողով

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր