Պրոֆեսոր Հրանտ Թադեւոսյանի անունով Արթիկում դպրոց անվանակոչվեց
Աշխարհի բազմաթիվ ցուցահանդեսներ նվաճած, ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ, Ս.Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի» պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի անունը արժանվույնս ամրագրվեց նաև իր օրրանում։ Վաստակավոր նկարիչ Երվանդ Բիչախչյանի առաջարկով, Արթիկ խոշորացված համայնքի նկարիչների և մտավորականների հավանությամբ՝ Արթիկ համայնքի ավագանու որոշմամբ գեղարվեստի դպրոցը անվանվեց Վարպետի՝ Հրանտ Թադևոսյանի անունով։«Հաճելի է երբ նման պատվի են արժանացնում կենդանության օրոք, ինչը նաև շատ պարտավորեցնող է, այն իմաստով, որ իմ կապը այս դպրոցի հետ էլ ավելի կսերտանա` վերածվելով լավ բարեկամության։ Կկազմակերպվեն վարպետած դասեր, ցուցահանդեսներ, կփորձեմ իմ փորձը փոխանցել ապագա գեղանկարիչներին: Այս պատվավոր իրողության համար առանձնակի զգացված եմ իմ գործնկերներից, ովքեր դպրոցի անվանակոչման հարցում առաջադրել են իմ թեկնածությունը»,-շնորհակալություն հայտնելով ներկաներին ասաց Վարպետը և ի նշան երախտագիտության, դպրոցին նվիրեց իր գործերից մեկը «Կակաչների դաշտ» յուղաներկով արված մեծ կտավը և երեք հատորից բաղկացած ստեղծագործությունների ալբոմ-գրքերը։

2026-ի փետրվարի 7-ին արվեստագետների, համայնքի ղեկավարների, «ՃՇՀԱՀ»-ի պաշտոնական պատվիրակության, աշակերտների, ծնողների ներկայությամբ, առանձնակի շուքով ազդարարվեց դպրոցի անվանակոչումը՝ անվանատախտակի բացմամբ։
«Դպրոցի անվանակոչությունը հարգանքի և երախտիքի խոսք է Վարպետի ստեղծագործական ուղուն և կարևոր գործոն է համայնքի մշակութային կյանքի կայացման ճանապարհին»,-իր ելույթում ընդգծեց Արթիկի խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը:
Գույնի և բնության միջոցով մարդու ներաշխարհը բացահայտելու մեծ վարպետ Հրանտ Թադևոսյանի, որպես գեղանկարչի ավանդը չի սահմանափակվում միայն իր մեծածավալ ստեղծագործական արժեքով՝ անգնահատելի է նրա դերը երիտասարդ սերունդին իր փորձը փոխանցելու և կրթելու գործում, ինչը վարպետը նվիրումով տասնյակ տարիներ իրականացնում է «ՃՇՀԱՀ»-ում։
«Այս անվանակոչությամբ մենք հաստատում ենք մի կարևոր սկզբունք․ կրթական և մշակութային համակարգը պետք է կարողանա գնահատել իրական վաստակը ժամանակին։ Սա ուղերձ է թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին, որ ազնիվ աշխատանքը, հետևողականությունն ու մասնագիտական նվիրվածությունը տեսանելի են և գնահատված»,-իր խոսքում ասաց «ՃՇՀԱՀ»-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, կարևորելով դպրոցի և համալսարանի միջև կապի զարգացումը՝ աշակերտների մտածողության ձևավորման և մասնագիտական կողմնորոշման հարցում։

Նշենք, որ Արթիկի,այսուհետ «Հրանտ Թադևոսյանի» անվան գեղարվեստի դպրոցի 96 աշակերտ վերջերս մասնակցել է «Univers art 2026» միջազգային մրցույթ փառատոնին, որոնցից 86 աշակերտ զբաղեցրել է 1 տեղը, մեկ աշակերտ ստացել է Գրան Պրի և մեկ աշակերտի հանձնվել է հատուկ մրցանակ: Պատվավոր մրցանակը սաներին հանձնեց Վարպետը։
«Մեր դպրոցից են ստեղծագործական ուղին սկսել բազմաթիվ անվանի արվեստագետներ, որոնք տարիներ շարունակ ոչ միայն դասավանդել են այստեղ, այլև այսօր էլ շարունակում են աջակցել, սատարել դպրոցին։ Դպրոցը անվանակոչելով Հրանտ Թադևոսյանի անունով` վստահ ենք, որ այսուհետ առավել կամրապնդվի արվեստագետների համախմբվածությունն ու համագործակցությունը դպրոցի հետ, ինչը կնպաստի կրթական մակարդակի շարունակական բարձրացմանը և նոր ստեղծագործական հաջողություններին»,-ողջունելով ներկաներին ասաց «Հրանտ Թադևոսյանի» անվան դպրոցի տնօրեն Արա Մերգելյանը։
«ՃՇՀԱՀ»-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյան
