Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում առկա է արհեստական բանականության կիրառում, ձայնն ամբողջովին փոփոխված է
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում առկա է ԱԲ-ի կիրառում, ձայնն ամբողջովին փոփոխված է: Այս մասին «Արշակ Սրբազանի փաստաբանների ասուլիսի» ժամանակ ասել է փաստաբան Արսեն Բաբայանը:«Ըստ Չեռնոգորիայի փորձաքննության եզրակացության՝ տեսանյութի տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված ֆայլերը մշակված ածանցյալներ են ու չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ, հետևաբար՝ ներկայացված տեսագրություններում ներկայացված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված ու մանիպուլացված թվային բովանդակություն:
Հաջորդիվ՝ մեր հարցին, թե արդյոք տեսագրությունը չի ստեղծվել ԱԲ-ով, կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով, պատասխանը եղել է, որ տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ:
Մի քանի անկախ ցուցիչներ ցույց են տալիս, որ ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ, ու խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման փոփոխության»,- նշել է նա:
Անդրադառնալով ձայնագրությանն ու խոսքային բովանդակությանը՝ Բաբայանը նշեց, որ ձայնային խոսքը ենթարկվել է փոփոխության, ձայնը վերասինխրոնացվել է տեսագրության նկատմամբ:
