ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը
«Առաջին Հայկական Ճակատ» ֆան շարժման անդամները շարունակում են պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ՖԱՖ անդամները հայտարարություն են տարածել.
«Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների ֆան շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահի և ղեկավարության հրաժարականը: Հայաստան-Բելառուս հանդիպման ժամանակ մեր իրականացրած ակցիան կոչված էր ևս մեկ անգամ ի ցույց դնել, որ Արմեն Մելիքբեկյանը, հակառակ իր բազմաթիվ հայտարարությունների, կառչել է ՀՖՖ նախագահի աթոռից և փորձում է ամեն գնով պահել այն և վերարտադրվել 3-րդ ժամկետով. ինչը կվերացնի Հայաստանում ֆուտբոլի զարգացման հույսը առաջիկա 4-5 տարում։
Ավարտին է մոտենում Մելիքբեկյանի կառավարման 2-րդ ժամկետը, առաջիկայում տարբեր ֆորմատներով կամփոփենք ՀՖՖ ապիկար ղեկավարության կառավարման 7 տարիները և «ձեռքբերումները», սակայն մեկ բան պարզ է նույնիսկ անզեն աչքով՝ նրանք ձախողվել են հայկական ֆուտբոլի բոլոր ասպեկտներում։
«Մելիքբեկյանի ու ընկերների» հեռացումը հայկական ֆուտբոլից անհրաժեշտություն է և անխուսափելի է»:
