Հռոմի Պապը Իսրայելի նախագահին կոչ է արել դադարեցնել hակամարտությունը
Հռոմի Պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, որի ընթացքում կոչ է արել բացել դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիները՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ հստակեցնելով, որ զրույցը տեղի է ունեցել Զատկի տոների առիթով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Զրույցի ընթացքում վերստին ընդգծվել է դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիների վերսկսման անհրաժեշտությունը՝ շարունակվող հակամարտությունը դադարեցնելու և ողջ Մերձավոր Արևելքում արդար ու տևական խաղաղություն հաստատելու նպատակով։ Հիմնական ուշադրությունը դարձվել է քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությանը և միջազգային ու հումանիտար իրավունքի նկատմամբ հարգանքի խթանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ծաղկազարդի կիրակի օրը, որը կաթոլիկները նշում էին մարտի 29-ին, Իսրայելի ոստիկանությունը թույլ չէր տվել Լատինական պատրիարք, կարդինալ Պիեռբատիստա Պիցաբալային մուտք գործել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար՝ ժամերգությանը մասնակցելու համար, ինչը բացասական արձագանք էր առաջացրել Վատիկանում և Իտալիայի աշխարհիկ իշխանությունների շրջանում։ Հայտնի է դարձել, որ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը հանդիպել է Սուրբ Աթոռում Իսրայելի դեսպանի հետ։ Միջադեպը, որն իսրայելական կողմը բացատրել էր Իրանի կողմից հրթիռակոծությունների ֆոնին անվտանգության նկատառումներով, հարթվել է։
Ըստ հաղորդման՝ կողմերը համաձայնության են եկել քրիստոնյաների համար կարևորագույն սուրբ վայրերում զատկական ծիսակատարությունների անցկացման շուրջ։
