Հայաստանում կարո՞ղ է ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե ոչ          Ինչպես 14 միլիոն իրանցիները, ես էլ պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի       Այս գործընթացը ինքնին հակաիրավական է, դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ    

07 ապր 2026 12:41

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնությունՄայր Աթոռը հրապարակել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը.

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:

Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է կատարվում, և օրհնություն են ստանում ապագա մայրերը՝ հայցով, որ Աստված նրանց պարգևի սիրառատ, առողջ ու երջանիկ կյանք և բարի ու արժանավոր զավակներ։

Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար։ Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները, ամուր ու անսասան պահել հավատն ու սերը առ Քրիստոս և ապրել առ ազգն ու հայրենին անխախտ նվիրումով։

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն։

Թող Բարձրյալն Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, ապահովության ու բարօրության մեջ պահպանի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։ «Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ» (Հռ. 15.13). ամեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր