Խոշոր հրդեհ Երևանում, Շիրակի փողոցում հսկայական պահեստային հատվածում
Մայիսի 1-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում գտնվող շինանյութի և այլ ապրանքների պահեստային հատվածում կրակ է, և ծուխ է նկատվում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մոտ 8 մարտական հաշվարկ։Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են Երևանի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը, պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը և 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Աշոտ Գուլինյանը։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցները։ Հրշեջները, կարծես թե, կարողացել են կանխել կրակի տարածումը, իսկ կրակը տեսանելի է մոտ 100 մետրից, իսկ ծուխը՝ 1 կմ-ից։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարսյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։Տեղում հերթապահող Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի քանի հոգու օգնություն է ցուցաբերել, քանի որ նրանց ինքնազգացողությունը վատացել էր ծխից։Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ Երևան» ԳԳՄ-ի աշխատակիցները։Տեղում պարզվել է, որ տարածքը գազաֆիկացված չէ, հետևաբար հրդեհի պատճառը գազը չի եղել։Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը, ով հեռախոսով տեղեկություններ է փոխանցում ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանին։
