ՀՀԿ-ին պետք են արդար ընտրություններ
Ապրիլի 1-ին Հայացք մամուլի ակումբում ընտրական օրենսգրքի շուրջ տեսակետներ հայտնեցին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը և ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Իշխանությունները խոստումը կատարեցին և նախատեսված ձեւաչափերով իրականացվում են քննարկումներ: Համոզված եմ` Ընտրական օրենսգրքի այն տարբերակը, որը «կգա» Ազգային Ժողով, խիստ կտարբերվի մեր կարդացածից, որովհետեւ փոփոխություններ են իրականացվում»,-ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով`իշխանություններըոչ թե ձեւական քննարկումներ են իրականացնում, այլ ականջալուր են բարձրաձայնվող առաջարկներին. «Խնդրահարույց հարցերը, որոնք առաջ են քաշվել ընդդիմադիր գործընկերների և ՀԿ-ների կողմից,քննարկվում են: Շատ հարցերի լուծում տրվել է: Կարծում եմ` քննարկումներն արդյունք կտան:Խոսվում է ընտրակեղծարարությունների մասին, բայց իրականում մեզ պետք է, որ ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը վերականգնվի: Ամենաշատը ՀՀԿ-ին են պետք արդար ընտրությունները»:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նկատեց. «Ուրախ եմ, որ տարբեր ձեւաչափերով են ընթանում քննարկումները, բայց ավելի կարեւոր է բովանդակությունը: Պետք չէ ասել, թե իշխանությունները բարի կամք են ցուցաբերել, պարզապես առաջին անգամ մենք քննում ենք օրենքի նախագիծը` օրենքի պահանջի համաձայն»: Թեւան Պողոսյանի դիտարկմամբ` Ընտրական օրենսգիրքը պետք է առաջադրի այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն ընտրական համակարգի հանդեպ հանրության վստահության բարձրացմանը. «Ցանկացած քաղաքացի պետք է վստահ լինի, որ կրկնաքվեարկություններ չեն լինելու:
1991 թվականի ընտրությունները ոչ մեկի հարցականի տակ չի դնում, որովհետեւ այն ժամանակ վստահություն կար»: Պատգամավորի խոսքով` քննարկումներով պետք է ուրախանալ այն ժամանակ, երբ կողմերը կհասնեն բոլորի համար ընդունելի դրույթների. «Եթե մեր հանրապետական գործընկերներն ասում են, որ իրենց երազանքն է արդար ընտրությունները, ուրեմն առաջին քայլն այդ մեխանիզմի ամրագրումն է թղթի վրա, հետո բուն ընտրությունների ընթացքում խախտումների բացառումը: Մեզ հետաքրքրում է, որ ընտրացուցակների հրապարակում տեղի ունենա: Եթե շահագրգռված են արդար ընտրությունների հարցում, սրա մասին պետք է առաջինը մտածեն»: