Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

31 մայիս 2018 18:20

Գողապետության վախճանը. ԱԱԾ-ի նոր բացահայտումը

Գողապետության վախճանը. ԱԱԾ-ի նոր բացահայտումը
Ժամեր առաջ ԱԱԾ-ն հրապարակել է հաղորդագրություն կոռուպցիոն նոր բացահայտման մասին: «Երևան սիթի»-ում տևական ժամանակ կիրառվել է հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրության խոշոր մեխանիզմ, հարուցվել են քրգործեր: Այս պատմությունը գուցե ավելի աղմկոտ ու սկանդալային ընթացք ստանա, որովհետև բացահայտումների թիրախը ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսն է:
Սակայն խնդիրն ավելի բազմաշերտ ու խորքային է, որովհետև, անկասկած, պետական բոլոր գերատեսչությունների, խոշոր բիզնեսների ստուգումների արդյունքում հասարակությունը կտեղեկանա թալանի նոր դրսևորումների, պետական միջոցների յուրացումների զանազան մեխանիզմների, հարկերից խուսափելու հնարամտությունների մասին:
«Երևան սիթի»-ն կամ որևէ այլ բիզնես չէին կարող օգտվել արտոնությունների համակարգից, չարամտորեն խուսափել հարկերի վճարումից, ստանալ մենաշնորհային դիրքեր, եթե չունենային պետության առաջին դեմքերի հովանավորությունը: Տվյալ պարագայում ՊԵԿ-ն ընդամենը եղել է գործիք, որի միջոցով կարգավորվել են հարաբերությունները քրեաօլիգարխիկ համակարգի ներսում, բաժանվել են «փայերը»:
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության քսանամյակում Հայաստանում գործել է գողապետության արատավոր ռեժիմը` քաղաքական և տնտեսական հարաբերություններում:
Խոշոր օլիգարխերը` իրենց քվոտաներով ու մենաշնորհներով, «նշանակվել» են կոռուպցիոն բուրգի գագաթին կանգնած Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից: Ինդուլգենցիայի դիմաց օլիգարխներն առատորեն «մուծվել» են իշխանության առաջին դեմքերին: Պատահական չէ, որ «երկու վերնաշապիկով» Արցախից Հայաստան եկած Ռոբերտ Քոչարյանը տասնամյա նախագահության ավարտին դոլարային արտահայտությամբ միլիարդատեր էր, եթե հավատանք միջազգային հեղինակավոր պարբերականների հետաքննություններին: Անկասկած, նույնը վերաբերվում է Սերժ Սարգսյանին, որի նախագահության շրջանում նրա հարազատներից մեկի անվան հետ էր ասոցացվում ուրիշի բիզնեսում փայ մտնելու «50/50»-ի արատավոր մեխանիզմը:
Գողապետությունը, քրեաօլիգարխիկ համակարգը խժռել են պետության ռեսուրսները, երկրից գրպանել ու օֆշորներում կուտակել են տաս միլիարդ դոլարը գերազանցող գումար:
Օլիգարխիկ համակարգի տարածքը օրըստօրե մեծացել է Հայաստանի, նրա քաղաքացու ազատության և բարեկեցության հաշվին:
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գողապետությունը «օծվել» է Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի զոհերի արյունով:
Յուրաքանչյուր ընտրություն եղել է քրեաօլիգարխիայի նոր ոտնձգությունը ազատ քաղաքացու արժանապատվության դեմ. արյունոտ 10000 դրամները, որոնցով գնվել են ընտրողների ձայները, գոյացել են հասարակության թալանի, պետական միջոցների յուրացման և թաքցված հարկերի հաշվին:
Գողապետությունը բացառում էր քաղաքական և տնտեսական որևէ մրցակցություն, ինչի հետևանքով ձևախեղվել են հասարակության պատկերացումներն իշխանության ու պատասխանատվության, կայունության և լեգիտիմության մասին:
ԱԱԾ այսօրվա բացահայտումները հարվածում են գողապետության հիմքերին: Սամվել Ալեքսանյանն ու մյուսները հիմա էլ պատրաստ են «մուծվել»` թալանի իրավունքը, ապրանք ներկրելու և խեղճին նվաստացնելու մենաշնորհը պահպանելու համար:
Թերևս այդ թաքուն մտքով էր Սամվել Ալեքսանյանը մայիսի 8-ին քվեարկում Նիկոլ Փաշինյանի օգտին կամ օրերս առաջ, Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյա միջոցառման ժամանակ ստվերի պես հետևում փոխվարչապետին:
Քրեաօլիգարխիան չի հասկացել թավշյա հեղափոխության խորքային նշանակությունը, չի գիտակցում նոր Հայաստանը` կիրառական, ինստիտուցիոնալ առումով: Նոր իրականությունը հուշում է կապիտուլացվել բացառապես օրենքի առջև, որովհետև այլևս չի գործում «պախանի» համակարգը, որին «մուծվելով» կարելի էր «գնել» թալանելու, անգամ սպանելու իրավունք, մանդատ, պաշտոն:
Ադեկվատության կորուստը միայն Սամվել Ալեքսանյանի «հիվանդությունը» չէ: Օրինակ` Գագիկ Ծառուկյանին, որը եղել է հայկական օլիգարխիայի անփոփոխ խորհրդանիշը, թվում է, թե լեգիտիմացրել է իր բիզնեսը թավշյա հեղափոխության ապահով ստվերում: Նիկոլ Փաշինյանն իր կոալիցիոն գործընկերորջը պետք է հստակ ուղերձ ուղարկի, որ 31 մանդատը համաներման գին չէ: Հակառակ պարագայում` Ծառուկյանին կարող է թվալ, թե Փաշինյանի կերպարի մեջ գտել է նոր «թագավոր ջան»-ի:
Աղբյուր 1in.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր