Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

21 հուն 2018 20:36

Ադրբեջանը օդում առավելություն ունի. Եթե Հայաստանը գոնե 1 «Cу-30СМ» Էսկադրիլիա ձեռք բերի, իրավիճակը կփոխվի

Ադրբեջանը օդում առավելություն ունի. Եթե Հայաստանը գոնե 1 «Cу-30СМ» Էսկադրիլիա ձեռք բերի, իրավիճակը կփոխվիՀայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը հնարավոր է առաջիկայում համալրվի ռուսաստանյան արտադրության Cу-30СМ մակնիշի բազմաֆունկցիոնալ կործանիչներով:
Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը  «Հին պայմանագիր նոր վարչապետի համար» վերնագրված հոդվածում։ Խոսքը կործանիչների առնվազն մեկ էսկադրիլիայի, այսինքն՝ 12 օդանավերի ձեռք բերման մասին է:
«Կործանիչների մատակարարման մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2012 թվականին, սակայն ըստ թերթի՝ այդպես էլ ուժի մեջ չէր մտել պատվիրատուի մոտ ծագած ֆինանսական խնդիրների պատճառով»։
Հղում անելով իր աղբյուրներին՝ «Коммерсантъ»-ը շարունակում  է.  «Հայաստանի կողմից Cу-30СМ-երի ձեռք բերման մասին խոսակցությունները վերսկսվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում մի լուսանկար տեղադրեց, որում ինքը նստած է «Էրեբունի» օդանավակայանում կայանված ռազմական ինքնաթիռի օդաչուի խցիկում»։

«Коммерсантъ»-ի տեղեկություններով՝ 2012-ին արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտոնել էր Հայաստանին առնվազն 12 կործանիչների վաճառքը:
«Մոսկվան փորձում էր լուծել հայկական կողմի ֆինանսական խնդիրները` թույլ տալով Երևանին ինքնաթիռները ձեռք բերել ռուսաստանյան ներքին գներով»,- գրում է թերթը:
«Коммерсантъ»-ի պնդմամբ՝ Մոսկվայում ցանկանում են շուտափույթ կերպով ձեռնամուխ լինել Հայաստանից ստացված պատվերի կատարմանը, քանի որ դա, իր հերթին, կլուծի Իրկուտսկի ավիացիոն գործարանի կոլեկտիվին մինչև 2022 թվականը աշխատանքով ապահովելու հարցը։
Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ծանոթ է «Коммерсантъ»-ի հրապարակմանը, բայց թե նախագիծն այժմ ինչ փուլում է՝ տեղեկություն չունի. «Ով է ինչ չեղարկել, ով էր ինչ պատրաստվում գնել, ինչքանով և ինչ ժամկետներում՝ ինձ հայտնի չէ, այդ պատճառով կդժվարանամ նշել, թե իրականում ինչ է տեղի ունենում»։
Խրամչիխինը նշում է, որ հրապարակումը կապված է միայն Փաշինյանի՝ ինքնաթիռում արված լուսանկարի հետ. «Ուրիշ ոչ մի բանի հետ այն կապ չունի»։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը մանրամասնում է. «Այդուհանդերձ ասեմ, որ այդ կործանիչները  բավականին  ժամանակակից և լավ ինքնաթիռներ են, և այն  որակապես կփոխեր իրավիճակը տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Այժմ Ադրբեջանն օդում առավելություն ունի, բայց եթե Հայաստանը գոնե մեկն ունենա, իրավիճակը հակառակ ուղղությամբ կթեքվի»։
Խրամչիխինը շեշտում է՝ այս պահի դրությամբ Ադրբեջանը օդում բացարձակ առավելություն ունի։ Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Ղարաբաղյան հակամարտության հնարավոր կարգավորմանը և այն դիտարկումներին, թե Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո հնարավոր է խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց տեսնել. «Կներեք, բայց ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում խաղաղ կարգավորում։
Խաղաղ կարգավորում նշանակում է, որ մի կողմը առանց որևէ նախապայմանի կապիտուլացվում է, բայց ես չգիտեմ՝ որ կողմն է այժմ պատրաստ առանց պատերազմի կապիտուլյացիայի ենթարկվել»։
Խրամչիխինը շարունակում է. «Ես շատ եմ խոսել այդ մասին, բայց եթե 20 տարուց ավելի կողմերի դիրքորոշումը չի փոխվում և մնում է միմյանց բացառող, նշանակում է, որ միայն պատերազմն է լինում։
Իհարկե, կարող է մինչև անվերջություն շարունակվել ստատուս քվոյի պահպանումը, որն ըստ էության նշանակում է Հայաստանի հաղթանակ, բայց թե դրան որքանով է պատրաստ Ադրբեջանը՝ չգիտեմ, պետք է Բաքվին հարցնել»։
նյութի աղբյուրը՝  «Առաջին լրատվական»


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր