Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

27 հուլ 2018 17:43

Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպելու ու բանակցելու պատրաստակամություն է հայտնել

Որպես ցանկացած ժողովրդավար երկիր՝ Հայաստանը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությանը: Այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել: «Մենք մեծ հնարավորություններ ունենք Հայաստանն ավելի ժողովրդավար դարձնելու, հավասար պայմաններ ստեղծելու, կոռուպցիայի և մենիշխանության դեմ պայքարելու հարցում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշ վախեր ունի, որ իր ժողովուրդը կարող է ոգեշնչվել Հայաստանի հեղափոխությունից ու փորձել նման փոփոխություններ անել նաև Ադրբեջանում: Կարծում եմ, որ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության աճը կապված է այս իրադրության հետ»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական իշխանությունները երկրի ներքին խնդիրներից բնակիչների ուշադրությունը փորձում են շեղել Լեռնային Ղարաբաղի հարցի միջոցով:
«Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների: Ցանկանում եմ հստակեցնել սա. ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը՝ նշելով, որ պատրաստ է հանդիպել նրա հետ:
Նա խնդրի լուծման հարցում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: «Կարծում եմ, որ այս ձևաչափն ի զորու է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, եթե Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համապատասխան քաղաքական կամք ցուցաբերեն:
Կարող եմ վստահեցնել ձեզ ու միջազգային հանրությանը, որ ինչպես ցանկացած ժողովրդավար կառավարություն, մենք իրական կամք ու ցանկություն ունենք հակամարտությունը խաղաղ կարգավորել և պատրաստ ենք բանակցել: Սակայն ցանկանում եմ շեշտել, որ մենք չենք պատրաստվում որևէ քայլի գնալ մի մթնոլորտում, որտեղ մեզ փորձում են վախեցնել»,- հայտարարել է վարչապետը:
Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության մթնոլորտի ձևավորումը: Նա ընդգծել է, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ ատելության խոսք չի հնչում Ադրբեջանի ու ադրբեջանցիների նկատմամբ, պաշտոնական Բաքուն մշտապես ատելություն սերմանող հայտարարություններով է հանդես գալիս ու նման գործելաոճից չի խորշում անգամ նախագահ Իլհամ Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր