Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները. «Ժողովուրդ»          Իշխանությունն «ականապատել» է խորհրդարանը. սարսափում են նոր ընդդիմությունից եւ չեն բացառում, որ անգամ տեռակտեր իրականացնեն.«Հրապարակ»       Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն հրաժարվում է Արցախի, այլև ՀՀ-ի անվտանգության երաշխավորը լինելուց.«Փաստ»    

30 հուլ 2018 13:54

Բոլոր երեք նախագահներին պետք է դնել մեկ տոպրակի մեջ և թափել

Բոլոր երեք նախագահներին պետք է դնել մեկ տոպրակի մեջ և թափել«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):


– Պարոն Մինասյան, Մարտի մեկի հայտնի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորվել է ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպե՞ս եք  գնահատում այս գործի վերաբացումը 10 տարի անց։
– 6 կամ 3 ամիս առաջ նման բան պատկերացնել հնարավոր չէր. եթե որևէ մեկն ասեր, որ Քոչարյանը կկալանավորվի,  կմտածեինք, թե գժվել է։ Ես փաստաբան կամ դատախազ չեմ, մանրամասները չգիտեմ, կարող եմ խոսել քաղաքական նշանակության մասին։ Ամենակարևորն այն է, որ մեր ամբողջ պատմության մեջ՝ 3000 տարի առաջվանից մինչ այսօր, առաջին անգամ է, որ ժողովրդին հաշիվ ենք տալիս։ Այսինքն՝ առաջին անգամ է, որ կա իշխանություն, որը հաշիվ է տալիս ժողովրդին։ Իշխանություն ասելով  նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը։ Բոլորը,  և ամենակարևորը՝ ժողովուրդը զարմացած է, թե  ինչպես է հնարավոր բանտարկել նախկին նախագահին. սա, ըստ իս, ամենակարևոր հեղափոխությունն է։ Օրենքները ոչ թե վերևից ներքև են իջնում, այլ հակառակը՝ ներքևից վերև։ Երբ ասում եմ՝ զարմացած եմ, ուզում եմ ասել, որ բոլոր քաղաքական կուսակցությունները՝ Դաշնակցությունը և այլն, հիմա զարմացած են…  սովոր չեն հաշիվ  տալ ժողովրդին, բոլորը խոսում են ժողովրդի անունից, բայց հենց գալիս է ժողովրդին հաշիվ տալու ժամանակը, ամեն մարդ բացակա է։
Դա մեծ փոփոխություն է, մենք սպասում ենք, որ այդ ընթացքը շարունակվի օրինական ձևով։ Ոչ միայն Ռոբերտին, այլև Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև նա անօրինական գործեր է արել՝ սկսած 92-ից,  94-ին Դաշնակցությանն արգելելով, 96-ին երբ հռչակեց իր հաղթանակը, անօրինական էր… Սերժ Սարգսյանն էլ նույնը՝ 2008-ին և 2013-ին։ Ոզում եմ ասել, որ բոլոր երեք նախագահներին պետք է դնել մեկ տոպրակի մեջ և թափել, որովհետև կարևոր է, որ ժողովուրդը զգա  իրեն քաղաքացի, ու այլևս վերնախավերը չանեն այնպես, ինչպես արել են նախկին երեք նախագահները։ Օրենքի առջև ամեն մարդ հավասար է։ Քառօրյա պատերազմին տեսանք իշխանությունների արած հանցագործությունները՝ սկսած Մանվելից: Ես զոհված զինվորների ընտանիքներին չեմ հասկանում. ես լինեի՝ կկանչեի Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Սեյրան Օհանյանին ու դատի կտայի՝ դավաճանություն է իրենց արածն ու չարածը։ Իսկապես պետք  է  մաքրել քաղաքական դաշտը, որովհետև ժողովրդի արժանապատվության համար հենց այդպիսի Հայաստան է պետք, և  պետք է, որ  երեք նախագահները հաշիվ տան։ Ինչ վերաբերում  է 2008-ին, ապա անշուշտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պետք է հաշիվ տան, բայց ես կարծում եմ՝ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը. նա այնքան ծայրահեղացրեց ժողովրդին, որ պայթյունը սպասելի էր։ Բնականաբար, պետք է պայթեր ու պայթեց Մարտի մեկին։ Կարևոր է նաև, որ այդ դեպքի ներքո Նիկոլ Փաշինյանը չմիջամտեց՝ ինչո՞ւ, որովհետև գիտի, որ իր կառավարության մեջ կար երկու քաղաքական ուժ, որ մոտ էր Քոչարյանին՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն։
– Ի դեպ՝ իրենք հավասարապես պատասխանատու չե՞ն։
– Քաղաքական զորակցություն կա՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է հաշիվ տան, չպետք է դատվեն, բայց հաշիվ տան՝ ինչո՞ւ կոալիցիա կազմեցին. չես կարող կոալիցիոն կառավարության անդամ  լինել և մյուս կողմից ասել՝ ես պատասխանատու չեմ իշխանությունների կեցվածքի ու քաղաքական որոշումների համար։ Կա՛մ ամբողջությամբ զորավիգ ես լիում իշխանության որոշումներին, կա՛մ դուրս ես գալիս կառավարությունից ու հանգիստ խղճով ապրում, բայց չես  կարող  մի կետով համաձայնել, մյուսով՝ ոչ։ Այդպես չի կարելի, որևէ պետության մեջ այդպես չի կարելի։ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է ասի՝ արդյոք այսօր խնդիր ունի՞ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ, նրանք հիմա ապշած են ու չգիտեն՝ ինչ պետք է անեն։ Քանի որ հեղափոխությունը շարունակվում է, իսկ այդ երկու կուսակցությունները պատկանում են հին Հայաստանին, պետք է անելիքը հստակեցվի։
– Հայաստանում նաև մտավախություն կա 1999-ի Հոկտեմբերի 27-ի օրինակով, որ լեգիտիմ իշխանությունները երկար կյանք չեն ունենում։ Ինչպե՞ս անել, որ գործընթացը մինչև վերջ գնա։
– Չեմ կարծում, որ կրկնվի 99-ի օրինակը։ Անկեղծորեն ասեմ, որ Պուտինի մատը կար Հոկտեմբեր 27-ի մեջ, նա նոր էր եկել իշխանության Մոսկվայում և բոլոր պրոցեսները ուզում էր ղեկավարել. Կովկասում երեք քաղաքական պրոցես կար՝ առաջինը Չեչնիայի պատերազմը սկսեց, հետո Վրաստանի մեջ իր մարտական ներկայությունը փորձեց ամրապնդել, այսինքն՝ թե ինչպես  պետք է պայմանավորվեն Վրաստանի կառավարության հետ, և Ղարաբաղի հարցը։ Եվ խփելով Սարգսյանին ու Դեմիրճյանին՝ տկարացնում էր ոչ միայն Հայաստանը, այլև պարզապես  խփում բանակցային գործընթացին։ Հունվարից մինչև հոկտեմբեր 4 հանդիպում կար՝ Հեյդար Ալիև և Քոչարյան, որպեսզի ցույց տային, թե բանակցում են։ Նույն թվականին պետք է սկսվեր  Կոսովոյի պատերազմը, Ալիևը և Քոչարյանը վախեցան՝ արդյոք մենք պե՞տք է ունենանք միջազգային համայնքի հետ խնդիրներ, 4 հանդիպում կազմակերպեցին՝ ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև արտասահմանում՝  ցույց տալու, թե բանակցում ու խոսում են։ Ուրեմն գործընթացն առաջ էր գնում, քանի որ Պուտինը չէր ղեկավարում՝ բեկանեց  ու կոտրեց։ Ես չեմ կարծում, որ Քոչարյանը պատասխանատվություն ունի այդ դեպքի համար։ Նա գիտեր, որ իրեն կմեղադրեին։
Վերադառնալով այսօրվա վիճակին՝ ասեմ, որ   ես շատ անհամբեր կսպասեմ շարունակությանը։ Կա երեք հարց՝ արդյոք Քոչարյանի հարցն առաջի՞նն է ու վերջ, այսինքն՝ ուրիշները չե՞ն դատվելու, երկրորդ՝ ո՞նց պետք է  վարվեն Դաշնակցությունն ու «Բարգավաճը»  կառավարության մեջ, իսկ ըստ իս՝  կմնան, և երրորդ հարցը՝ Ռուսաստանի արձագանքը  ինչպիսի՞ն կլինի։ Եթե հարցը հասնի 99 թվականին,  Ռուսաստանը վստահաբար պետք է փորձի հետաքրքրվել։ Մինչ այսօր Ռուսաստանը սա ներքին հարց է համարում ու ասում՝ չենք ուզում միջամտել, բայց սպասենք, տեսնենք, թե  ուր է գնում Հայաստանը։ Կա մի այլ հարց՝ սա ինչպես կանդրադառնա  Ղարաբաղի հարցի վրա՝  կլինե՞ն նոր սադրանքներ,  թե՞ ոչ։ Բայց նույնիսկ միջազգային համայնքի առաջ ցույց տալով, որ Քոչարյանը բանտարկված է, ռուսներն էլի խնդիրներ կունենան՝ արդյոք Արևմուտքը պե՞տք է ավելի հետաքրքրվի  Հայաստանի  քաղաքական, տնտեսական իրավիճակով։
– Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելն ի՞նչ արձագանք կունենա Մոսկվայում։ Առհասարակ մոսկովյան որոշ շրջանակների հետ լավ կապեր ունի նաև Ռոբերտ Քոչարյանը։
– Չեմ կարծում, թե որևէ արձագանք կլինի։ Քոչարյանն այդքան մեծ միջոցներ չունի Մոսկվայում, և կարծում եմ՝ Մոսկվան չէր ուզում միջամտել այդ հարցին, եթե  վերադարձ չլինի  Հոկտեմբերի 27-ին։ Քոչարյանը վերջացած է, մարդ չունի  իր կողքը՝ ո՛չ  արտասահմանում, ոչ էլ Հայաստանում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր