«Հրապարակ». Պաշտոնյաներին պատկանող անվտանգության ընկերությունները մնացել են անգործ. առավել ճարպիկներն էլ գրծի են անցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության ընկերությունները, որոնք ստեղծվեցին վերջին տարիներին՝ ոստիկանությանը դուրս մղելով պետական և մասնավոր հիմնարկների պահպանության ոլորտից, բավականին շատ են․ «Երկրապահ սեքյուրիթի», «Ալֆա-դելտա», «Լեգիոն» և այլն։ Սակայն իշխանափոխությունից հետո դրանց մի մասը հայտնվել է ծանր վիճակում՝ որոշ կազմակերպություններ հրաժարվել են նրանց ծառայություններից:
«Երկրապահ սեքյուրիթին», որը ԵԿՄ-ին է պատկանում, արդեն կորցրել է մի շարք խոշոր օբյեկտների պահպանության պատվերը: «Ալֆա-դելտան» Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանինն է, «Լեգիոնը» հանրությանը հայտնի դարձավ Տարոն Մարգարյանի տների պահպանությամբ և պատկանում է Ավանի թաղապետի մորաքրոջ որդուն: Առավել ճարպիկները, օգտվելով իշխանափոխության առիթից, փորձում են վերաձևել այս դաշտը՝ նախկին իշխանությունների հետ կապվող ընկերություններից խլելով պատվերները:
Ի դեպ, օրեր առաջ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին պատկանող «Գրիֆ և Միհր» պահնորդական ընկերությունների համասեփականատեր Էդիկ Սիմոնյանը կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է մասնակցել՝ Հայաստանի գործատուների միության խորհրդի անդամների հետ միասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: