Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 սեպ 2018 18:37

Ի՞նչ է ուզում Մոսկվան Նիկոլ Փաշինյանից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողների առաջ ելույթում անդրադարձել է նաեւ Հայաստանի իրադարձություններին ու Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցին:
Այդ առումով Լավրովն իհարկե առաջադիմել է, հայտարարելով, որ Հայաստանում տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է: Նախորդ անգամ Լավրովը մոռացել էր այդ մասին, տարակուսանք եւ անհանգստություն հայտնելով Հայաստանում նախորդ իշխանության ներկայացուցիչների հանդեպ քրեական գործերի կապակցությամբ: Այդուհանդերձ նա կարծում է, որ այդ ներքին գործը պետք է հիմնված լինի օրենքի եւ Սահմանադրության վրա: Կա՞ այստեղ կասկած, որ տեղի ունեցողը օրենքի եւ Սահմանադրության համապատասխան չէ: Գուցե կա: Եվ չի բացառվում, որ Մոսկվան Լավրովի շուրթերով Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ ակնկալում է, որ նա իր հետ տանի ապացույցներ:
Ի դեպ, այդ առումով հատկանշական է, որ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց Մարտի 1-ի թեմայով նոր քրգործի մասին՝ այդ օրը առավոտյան տեղի ունեցած ոստիկանության գործողության առիթով:
Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Փաշինյանի այցից ակնկալում են հեռանկարների վերաբերյալ ռազմավարական տեսլական, միաժամանակ ասելով, թե ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունները պետք է կատարվեն, այդ թվում կառույցի հեղինակության ու վարկի:
Ռուսաստանի արտգործնախարարը հետաքրքիր թեմա է բարձրացնում՝ ՀԱՊԿ շրջանակում պարտավորություններ, այդ թվում կառույցի հեղինակության: Ընդ որում, կրկնակի հետաքրքիր է, որ թեման բարձրացվում է ՄԳԻՄՕ ամբիոնից, որտեղ գրեթե մեկուկես տարի առաջ հետաքրքիր ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը, որ այցելել էր Մոսկվա՝ խորհրդարանի ընտրությունից մոտ քսան օր առաջ: Սերժ Սարգսյանը ՄԳԻՄՕ ամբիոնից խոսել էր 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին, ասելով, թե երբ «մեր գործընկերներին» հայտնում էինք, որ Ալիեը սպառազինվում է պատերազմի համար, մեզ ասում էին, թե դա ներքին օգտագործման համար է:
Ակնհայտ էր Սերժ Սարգսյանի ակնարկը Ռուսաստանի Դաշնությանը: Հաշվի առնելով այն, ինչ տեղի էր ունեցել Երեւանում 2016-ի ապրիլի 22-ին, երբ քառօրյայից հետո ժամանել էր Սերգեյ Լավրովը, ՄԳԻՄՕ-ում Սերժ Սարգսյանի ելույթը գործնականում ապտակ էր գուցե առաջին հերթին հենց նրան: Բայց երկրորդ ապտակը:
Բանն այն է, որ քառօրյայից մոտ երկու շաբաթ անց Երեւանում ընդունելով Լավրովին, Սերժ Սարգսյանը նրան ասել էր՝ ասացեք խնդրեմ, թե ինչպես պատահեց, որ տեղի ունեցավ այդ ամենը: Մենք գիտենք, մենք ունենք մեր կարծիքը, բայց ուզում ենք լսել, թե ինչ եք մտածում դուք, ասել էր Լավրովին Սերժ Սարգսյանը: Դա առաջին ապտակն էր:
Երեւանն իհարկե դիմանալով ու դիմադրելով քառօրյային առանց Ռուսաստանից օգնություն խնդրելու եւ ըստ էության փաստի առաջ դնելով ոչ միայն Բաքվին, այլ նաեւ Մոսկվային, իրեն կարող էր թույլ տալ անել համարձակ հայտարարություններ: Հայկական զինուժն ու հանրային մոբիլիզացիան, կամավորականությունը Սերժ Սարգսյանին տվել էին համարձակ խոսելու հնարավորությունը, անկախ նրա կառավարման հանդեպ վերաբերմունքից:
Իհարկե, ժամանակի ընթացքոմ Երեւանի «լեզուն սկսեց» կարճանալ, հաշվի առնելով ներքին մի քանի հանգամաք եւ իրադարձություն, ու իհարկե առաջին հերթին այն, որ Սերժ Սարգսյանը չօգտվեց իրավիճակից եւ չգնաց ներքին լայն ռեֆորմների, այլ գերադասեց լուծել իր վարչապետության հարցը:
Այդուհանդերձ, երկու ապտակներն իհարկե որոշակիորեն արեցին իրենց գործը, սակայն ուշացած, որովհետեւ խնդիրներն ու հարցերը ավելի վաղ հստակ շեշտադրելու պայմաններում ապտակների կարիք, այն էլ թանկ ու կորստաբեր կռվից հետո, թերեւս չէր առաջանա:
Մյուս կողմից, այստեղ իր մեծ դերն ուներ մեկ այլ հանգամանք՝ Հայաստանում ասպես ասած ոչիշխանական ընդդիմության պահվածքը, որը 2016 թվականի ապրիլին նախորդած շրջանի զգալի մասում, առնվազն մինչեւ 2015-ի փետրվար, Սերժ Սարգսյանին ուղղակի մղում էր Ռուսաստանի գիրկն ավելի ու ավելի խորը՝ Ռուսաստանին փորձելով համոզել նրա հակառուսական խորամանկության հարցում:
Մի բան, որը ներկայում նախկին համակարգի շրջանակները, հատկապես դրանց կոնսոլիդացնող հավակնություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն փորձում է անել այժմ Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Կամ այժմ էլ Փաշինյանի հանդեպ, որովհետեւ խոշոր հաշվով նույն երկրորդ նախագահն էր  ոչիշխանական ընդդիմության ոչ ֆորմալ գաղափարախոսը մինչեւ 2015 թվականի փետրվար:
Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանն այժմ ունի հանրային մեծ լեգիտիմություն, թեեւ իհարկե այն ինստիտուցիոնալացված չէ: Այդուհանդերձ դա Փաշինյանին տալիս է «կռվից առաջ» հարցերը դնելու հնարավորություն, ինչը գուցե Մոսկվայի համար խորթ երեւույթ է, որն էլ իր հերթին Հայաստանում փորձում են իբրեւ թե հայ-ռուսական հարաբերության վախճան կամ ճգնաժամ ներկայացնել նախորդ իշխանության տարբեր թեւերը եւ Ռոբերտ Քոչարյանը: Բայց գործնականում այդ «խորթ» իրավիճակը առավելագույն հնարավորություն է խուսափել «հարազատ» պատերազմից եւ դրանից հետո բռունցք թափ տալու անհրաժեշտությունից:
Աղբյուր՝ Lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր