Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

07 սեպ 2018 19:23

ԲՀԿ-ն կմիանա՞ Քոչարյանին

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բացառում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կսատարի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Բացառվում է, որ ԲՀԿ-ն միանա Քոչարյանին»,- նշեց Բագրատյանը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն առաջարկին, որ ինքը կարող է ընդդիմադիր բևեռի կենտրոն դառնալ, պատգամավորն ասաց, որ իրենք չկան այդ բևեռի ուժերի թվում: ԲՀԿ-ն, Սերգեյ Բագրատյանի խոսքով, այսօր իշխանության մաս է կազմում, որևէ այլ գործչի հետ, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության որևէ օրակարգ չունի:
«Մենք հավատարիմ ենք մնում մեր մասնակցությանը կառավարությանը: Հավատարիմ ենք մնալու իշխանության հետ մեր պայմանավորվածություններին»,- ասաց նա:
Հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո՞ էլ է ԲՀԿ-ն այս նույն կարգավիճակով լինելու իշխանության կազմում, Բագրատյանը պատասխանեց, որ դա քննարկելու հարց է: «Մենք չենք կարող երկարատև հատվածի համար այսօր քննարկումներ անել, քանի որ առաջին հերթին չգիտենք իշխանության մոտեցումը: Մենք տեղյակ չենք, թե վարչապետն ու իր քաղաքական ուժն ինչպիսի մոտեցում ունեն խորհրդարանական ընտրություններից հետո: Բայց այս պահին, մինչև խորհրդարանական ընտրությունները մենք հավատարիմ ենք մնալու մեր կուրսին և աշխատելու ենք բացառապես կառավարության հետ»,- հավելեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է ամիսներ անց, օրինակ, գարնանը, նախքան խորհրդարանական ընտրությունները ԲՀԿ-ում դիրքորոշումների փոփոխություն լինի, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ հարցը ԲՀԿ-ում քննարկել են, բացառված է այդ տարբերակը: «Պարոն Ծառուկյանը հայտարարեց, դուք լսեցիք, որ չկա Քոչարյանի հետ համագործակցության օրակարգ»,- նշեց նա:
Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչ հաջողություններ կարող է գրանցել հակահեղափոխությունը: «Ես բացառում եմ հակահեղափոխականությունը: Այլևս երբեք Հանրապետականի իշխանության վերադարձը չի լինելու՝ ցանկացած մոդիֆիկացիայով: Ես դա համարում եմ աբսուրդ ու անհնար բան»,- նշեց նա:
Այն, որ հակահեղափոխական ուժերը հույս են դնում այն գործոնի վրա, որ մինչև արևահերթ խորհրդարանական ընտրությունները հասարակությունը կարող է հիասթափվել Նիկոլ Փաշինյանից, Սերգեյ Բագրատյանը քիչ հավանական է համարում: Նա ասում է, որ կառավարության աշխատանքն անընդհատ պետք է զարգացնել, հատկապես տնտեսական զարգացումներին շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել:
«Ժողովրդական ալիքով ու զարթոնքով ձևավորված այսօրվա իշխանությունը կարող է շատ երկար ու մնայուն արժեքներ թողնել Հայաստանի Հանրապետությանը առնվազն առաջիկա 100 ամյակում: Ցանկացած հիասթափություն կարելի է կանխել՝ ճիշտ ներկայացնելով իրավիճակը: Եթե ժողովրդին անկեղծ ու ազնիվ ներկայացվի իրավիճակը, կարծում եմ, ժողովուրդը մեծ համախմբում ունի և կաջակցի իշխանություններին»,- նշեց նա:
Ըստ Բագրատյանի՝ այսօր այդ անկեղծությունը տեսնում է նոր իշխանությունների կողմից: Իսկ հետագայի համար տնտեսության զարգացմանը միտված կոնկրետ քայլեր պետք է լինեն, ժողովրդի համար տեսանելի առաջընթաց պետք է ապահովել, որ մարդիկ վստահ լինեն, որ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում կլինի, կյանքը կբարելավվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր