Քրեական գործ՝ քառօրյայի օրերին Սիսիանում հանգանակված գումարների յուրացման փաստի առթիվ
Ապրիլյան քառօրյայի օրերին Արցախի համար Սիսիանում հանգանակված գումարների յուրացման փաստի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ նոր երևան եկած հանգամանքների հիման վրա:
Այս մասին Advocate Info-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և Սիսիանի մարզի դատախազությունում նոր երևան եկած հանգամանքներով վարույթ է ընդունվել: Նոր փաստական տվյալների ի հայտ գալու հիմքով որոշվել է քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 –րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով(յուրացում կամ վատնում)»,- տեղեկացրեց Արևիկ Խաչատրյանը:
Մեր այն հարցին, թե այդ ժամանակահատվածում Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն արդյո՞ք ներգրավված է քրեական գործի շրջանակներում, Արևիկ Խարատրյանը պատասխանեց. «Ոչ, Աղասի Հակոբջանյանն այս պահին քրեական գործի շրջանակում որևէ կարգավիճակ չունի»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեռ տևական ժամանակ առաջ մամուլում շրջանառվել էր, որ Ապրիլյան քառօրյայի օրերին Արցախի համար Սիսիանում հանգանակված գումարները իրականում չեն հասել Արցախ, փոխարենն օգտագործվել են այլ նպատակներով: Հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում էր կայացվել:
«Իրավաբան» փաստաբանական ընկերության տնօրեն Ներսես Խաչատրյանը փորձել էր գործի վերաբերյալ ուսումնասիրություն կատարել, որի ժամանակ էլ նոր հանգամանքներ էին երևան եկել:
Այսպես, քրեական գործի մերժման որոշման մեջ նշված էր`
«Առաջնագծում շահագործման համար կամավորականների առաջարկով շտաբը հապճեպ նախաձեռնել էՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա գնել: 2016 թ.-ի ապրիլի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Արտաշ Պողոսյանը համաձայնել է վաճառել իր ավտոմեքենան, պայմանով, որ գումարը նրան
տրվելու է հանգանակվող գումարներից:
Մեքենան տրամադրվել է կամավորականներին` համայնքապետարանի
կողմից Մատաղիսի սահմանային զորամասին նվիրաբերելու նպատակով:
Ավտոմեքենան շահագործման համար ոչ նպատակահարմար լինելու
պատճառով, այն դիրքերից հետբերելու ճանապարահին խափանվել է և վերանորոգման համար անհրաժեշտ 130 000 դրամը տրվել էտիրոջը:
Ավելի նոր և մետաղյա խցիկ ունեցող մեքենա գնելու համար Սյունիքի
մարզի Վաղատին համայնքի ղեկավար Շահեն Գրիգորյանը տրամադրել է իր` նույն մակնիշի ավտոմեքենան,
հավաքագրված գումարների մնացորդ մասը տրվել է նրան»:
Ներսես Խաչատրյանը փորձել էր պարզել, թե որքանով է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը:
Արդյունքում պարզվել էր, որ Շահեն Գրիգորյանին պատկանող ավտմեքենան ոչ թե Մատաղիս է գնացել, այլ վաճառվել է Արեն Վարդանյան անուն-ազգանունով անձին:
Ներսես Խաչատրյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով դա դիտարկել որպես նոր երևան եկած հանգամանք և վերանայել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը: