Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

26 հոկ 2018 12:07

2019թ․ հունվարից սպասեք նոր թանկացումների․ ո՞ր ապրանքների գինը կբարձրանա

2019թ․ հունվարից սպասեք նոր թանկացումների․ ո՞ր ապրանքների գինը կբարձրանա2019թ․հունվարի 1-ից նորից որոշ ապրանքատեսակներ թանկանալու են։ Խնդիրն այն է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում երրորդ երկրներից 850-900 ապրանքատեսակների ներմուծման դեպքում որոշակիորեն բարձրանալու է մաքսատուրքը։ Խոսքը վերաբերում է լայն սպառման մոտ 900 ապրանքների՝  շաքարավազից մինչև ավտոմեքենա։
Հայաստանը ԵՏՄ-ին պաշտոնապես անդամակցել է 2014թ․ հունվարի 2-ին, և այդ կառույցին միանալը ենթադրում էր անդամ երկրների համար նաև միասնական մաքսային քաղաքականություն։
Տվյալ դեպքում դա ենթադրում էր մաքսատուրքի բարձրացում, ինչն էլ իր հերթին այդ ապրանքների թանկացման պատճառ կդառնար։ Բայց որպեսզի այդ բարձրացումը միանգամից իր դաժան ազդեցությունը չունենար մեր գործարարների ու քաղաքացիների գրպանի վրա, ՀՀ իշխանություններն ի սկզբանե ԵՏՄ-ից արտոնյալ ժամկետ խնդրեցին, որպեսզի նախապատրաստվեն այդ թանկացումներին։
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ մաքսատուրքը պետք է բարձրանա աստիճանաբար՝ մինչև 2022թ.: Ընդ որում մաքսատուրքը պետք է տարբեր տարիներին տարբեր խումբ ապրանքատեսակների համար բարձրանա: Ավելին՝ կան ապրանքներ, որոնց համար սահմանված մաքսատուրքը կգործի ոչ թե միանգամից, այլև աստիճանաբար՝ յուրաքանչյուր տարի ավելանալով մասնակիորեն, որպեսզի թանկացումը միանգամից չհարվածի մեր տնտեսությանն ու քաղաքացիների գրպանին:
Իսկ մաքսատուրքի բարձրացումը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ հունվար ամսից սկսած: Այնպես որ՝ տարեսկզբին մենք արդեն որոշակի թանկացում կզգանք: Ճիշտ է՝ հունվար նաև դեկտեմբեր ամիսներին մեր քաղաքացիները կսպառեն դեռ այս տարի ներկրված ապրանքը, բայց մեր վաճառականները սովոր են ապրանքը թանկացնել առաջանցիկ տեմպերով։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դեռ չի հրապարակել, թե 2019թ․ հունվարի 1-ից հատկապես որ ապրանքների մաքսատուրքն է բարձրանալու և որքան է բարձրանալու, որպեսզի հնարավոր լինի մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ չափի  թանկացում է սպասվում մեր սպառողներին։ Ամենայն հավանականությամբ նախարարությունը դա կհստակեցնի և ապրանքների ցանկը կհրապարակի հաջորդ ամիս, բայց արդեն իսկ  տեղեկություններ կան, որ նորից կբարձրանա երրորդ երկրից ներկրվող թռչնամսի, կաթնամթերքի, դեղորայքի, բրնձի, լվացող և մաքրող միջոցների, կահույքի, շաքարավազի, սպիրտային խմիչքների և բազմաթիվ այլ ապրանքների մաքսատուրքը։
Նշենք նաև, որ առանձին ապրանքների համար մաքսատուրքի առանձին դրույքաչափ է սահմանված։ Օրինակ, հրուշակեղենի, շոկոլադի, դեղերի, թեյի, կաթի, կոշկեղենի վրա սահմանված է 5-10 տոկոս մաքսատուրք։ Շաքարավազի, թռչնի մսի ու մսամթերքի, օծանելիքի, կոսմետիկայի, ատամի մածուկի վրա պետք է գործի 10-20 տոկոս մաքսատուրք։ Իսկ, օրինակ, հանքային ջրերի, գարեջրի ածիկի, սպիրտային խմիչքի, սիգարետի վրա գործելու է 20 տոկոսից ավելի մաքսատուրք։ Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում և ընդունած մաքսային ընդհանուր ռեժիմի պատճառով դեռ մի քանի տարի պարբերաբար որոշակի թանկացում կլինի։ «Այս հունվարին երրորդ երկրից ներկրվող այդ 800-900 անուն ապրանքների համար մաքսատուրքը նորից կբարձրանա, ինչն էլ իր հերթին կթանկացնի այդ ապրանքները»,- ասաց տնտեսագետը։
Իսկ Հայաստանի Գործատուների հանրապետական միության  նախագահ Գագիկ Մակարյանը շարունակում է պնդել, որ լուծումներից մեկը կարող է լինել տեղում արտադրության խթանումը։ Նրա ներկայացմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է արտադրողների հետ աշխատանք տանեին, նրանց նոր տեխնոլոգիաներ ներդնելու և արդյունավետ աշխատելու, ավելի ցածր ինքնարժեքով արտադրանք տալու մեխանիզմներ ներկայացնեին, որ հնարավոր լիներ թանկացումը շրջանցել կամ գոնե մեղմել։ Բայց դա չի արվել։
Նշենք, որ ԵՏՄ-ում ընդհանուր մաքսային ռեժիմ է ներդրվել երրորդ երկրներից ներկրելու հաշվին ներքին արտադրությունը խթանելու համար։ Բայց կոնկրետ Հայաստանի պարագայում երրորդ երկրներից ներկրումը պարզապես կարող է փոխարինվել ԵՏՄ-ում դոմինանտ երկիր Ռուսաստանից ներկրումով։  Եվ տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ-ն այդ կառույցը ստեղծեց ոչ միայն աշխարհաքաղաքական նպատակներով, այլև իր տնտեսությունն ու արտադրությունը, իր արտահանումը անդամ մյուս երկրների հաշվին խթանելու ցանկությամբ։ Եվ դա առայժմ իրականանում է։ Գոնե Հայաստանի դեպքում այդպես է։
Պարզապես խնդիրն այն է, որ մեր քաղաքացիները երրորդ երկրներից, ասենք Եվրոպայից, ներկրվող որակյալ ավտոմեքենայի փոխարեն կարող են վարել ռուսական ավելի ցածրորակ մեքենաներ։ Կամ՝  գերմանական որակյալ դեղերի փոխարեն ընդունել ռուսական պակաս որակյալ դեղորայք և այդպես շարունակ։ Հավելենք նաև, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու շրջանակներում ՌԴ-ում կարող է մաքսատուրքերի որոշակի նվազեցում տեղի ունենալ, ինչը տարիների ընթացքում կարող է զսպել ԵՏՄ-ում երրորդ երկրների վրա կիրառվող բարձր մաքսատուրքի քաղաքականությունը:

factor.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր