Զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվի

Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ խոսքը 249 մլն 624 հազար դրամի մասին է: Նրա խոսքով, ոչ թե շինարարություն է կատարվելու, այլ բնակարանների գնման վկայագրերն է փոխանցվելու. «Շահառուները ձեռք են բերում բնակարան, իսկ մենք փոխանցում ենք գումարը վաճառողին կամ գնման վկայականն ենք տալիս, որի հիման վրա ստանում է գումարը»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված 500.000,0 հազ.դրամ հատկացումների շրջանակներում Երեւան քաղաքում իրականացվել է 75.195,0 հազ. դրամ արժեքով 7 բնակարանների ձեռքբերում եւ նախատեսվում է իրականացնել 424.805,0 հազ. դրամ արժեքով 55 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:
ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) եւ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 1492 ընտանիքներից 2018թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն եւ բնակարան տրամադրել 62 ընտանիքների կամ կարիքավորների 4,2%-ին: