Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

24 հուն 2019 12:30

Մեսչյանը՝ Օպերայի կանաչապատման մասին.շուտով ակտիվ շինարարություն կսկսվի

Մեսչյանը՝ Օպերայի կանաչապատման մասին.շուտով ակտիվ շինարարություն կսկսվիԵրեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պնդում է՝ Օպերայի տարածքի երկրորդ գոտու ապամոնտաժումը քաղաքապետարանի ցանկությունը չէ, երեւանցիների պահանջն է։
Այսօր՝ հունվարի 24-ին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս Մեսչյանն ասաց. «Շատ սխալ մեկնաբանություն կա, որ Օպերայի տարածքի երկրորդ գոտու վերադարձը քաղաքապետի, իմ կամ ինչ–որ մի խումբ մարդկանց նախագիծ է։ Եկեք չմոռանանք, որ այդ հարցի վերաբերյալ երկար տարիներ կային բողոքներ։ Գրեթե բոլոր երեւանցիներն անխտիր կուզեին, որ Օպերայի տարածքի ինչ–որ մի մասը վերադարձվեր իր կանաչ համակարգին»։

Մեսչյանի համար զարմանալի են մարդկանց տարօրինակ արձագանքները. «Զարմանալի է, որ հիմա երբ կա հնարավորություն դա անելու, շատ տարօրինակ խոսակցություններ են գնում, որ դեռ ոչինչ չարած քանդում են, մի շարք մարդիկ փոխանակ ուրախանալու, շատ տարօրինակ վերաբերմունք են ցուցաբերում»։
Նրա խոսքով՝ ապամոնտաժման արդյունքում բիզնեսն առանձնապես չի տուժելու. «Այդ սրճարանները երկու մասից են բաղկացած՝ մի մասը, որ հպվում է ցանկապատին, մյուս մասը դուրս է եկել մայթի վրա։ Մի գոտին վերացնելուց բիզնեսը դրանից չի մահանում, նրանք մնում են այն տարածքում, որտեղից սկսեցին իրենց գործունեությունը, աշխատատեղերի կորուստների վտանգ էլ ես առանձնապես չեմ տեսնում»։
Երեւանի գլխավոր ճարտարապետը նկատում է՝ Օպերայի դերասանական մուտքը ծխնելույզ է դարձել. «Եկեք ազնիվ լինենք՝ ո՞ւմ է դուր գալիս, երբ նայում է Մաշտոցի փողոցից դեպի Օպերայի դերասանական մուտքը, այնտեղ արդեն շաուրմայի ծխնելույզ է դրված»։
Նրա կարծիքով՝ սեփականատերերը մեղք չունեն, մեղավոր են նրանք, ովքեր թույլ են տվել. «Բիզնեսը հնարավորության դեպքում կանի ամեն ինչ, այս քաղաքը ժամանակին պետք է ասեր՝ ոչ մի դեպքում»։
Մեսչյանը ժամկետներ չնշեց, քանի որ իր խոսքով՝ լուրջ նախագիծ է պատրաստվում. «Ժամկետային առումով ոչինչ ասել չեմ կարող, քանի որ խոսքը չի գնում միայն այդ գոտու ապամոնտաժման մասին, խոսքը գնում է ամբողջ հրապարակի վերակառուցման մասին»։
Մեսչյանն ասաց, որ մոտավորապես 170 շինարարության թույլատվություն է տրվել, 20-22 քանդման թույլատվություններ կան։

«Սա նշանակում է, որ Երեւանում շատ շուտով ակտիվ շինարարություն կսկսվի, հատկապես բնակելի ոլորտում»,–կարծիք հայտնեց նա։ 
Երեւանի գլխավոր ճարտարապետը շեշտեց՝ բավականին լուրջ ծրագիր կա մունիցիպալ շինարարության հետ կապված, առանձնապես վթարային շենքերում բնակվող մարդկանց տեղափոխելու հարցերում. «Գտել ենք մի քանի հետաքրքիր տարբերակ, մենք կկարողանանք Աջափնյակում այդ խնդրի լուծումը գտնել, ընդ որում խոսքը մի քանի տարվա կտրվածքի մասին չէ, այլ հնարավոր է մոտակա ամիսներին էլ սկսվի այդ գործընթացը»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր